News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Արտակ Բուդաղյանը պատմել է, որ իրեն եւ  եղբորը` Ավետիք Բուդաղյանին, կրակել են մեջքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երբ տեսանյութն ամբողջությամբ, ոչ թե մոնտաժված եղանակով, դրվի շրջանառության մեջ, դուք բոլորդ կտեսնեք, թե ով էր կրակում»,- նշեց նա: 

Հարցին, թե դա հանրությանը հայտնի մե՞կն է` փաստաբանը դրական պատասխանեց` «այո, այո»:  Իսկ թե այդ հանրությանը հայտնի մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, Հայկ Ալումյանը նկատեց. «Չեմ ուզում մեկնաբանել, այդպես ասել, բայց, համենայնդեպս, պարզ կտեսնեք կրակողներին, մի հոգի չեն, մարդկանց կտեսնեք, ովքեր կրակում են»:

Նա ճշգրտեց, որ  դեպքը ոչ թե նախկին մարզպետի տանը կամ տան բակում է եղել, այլ փողոցում, «միջադեպը եղել է  տան մոտակայքում, բայց փողոցում»: «Երբ տեսնեք տեսանյութը, կտեսնեք, որ այդտեղ ինքնապաշտպանության մասին խոսք չկա, այդտեղ ագրեսիվ հարձակում կա Բուդաղյանների վրա 5 հոգու կողմից, ագրեսիա կա ամենասկզբից մինչեւ վերջ»,- ասաց փաստաբանը` չբացահայտելով, թե Բուդաղյան եղբայրները մարզպետի տուն գնալիս տեսել են Սուրեն Խաչատրյանին:

Իսկ թե ինչու էին նրանք գնացել նախկին մարզպետի տուն, Հայկ Ալումյանը պատմեց, որ նույն օրը միջադեպ էր եղել, հարձակում Ավետիք Բուդաղյանի վրա Խաչատրյանների կողմից, իսկ նախաձեռնող, հարձակվող կողմը եղել էր Սուրեն Խաչատրյանի կողմը: Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ ներկայացնել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Նա նշեց, որ եթե Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգելու մասին ՊՆ քննչական ծառայության որոշումը զինդատախազը չփոխի, ապա ինքը կբողոքարկի այն:  «Ես սպասում եմ զինդատախազի որոշմանը, եթե զինդատախազի որոշումը չեղավ այնպիսին, ինչպես օրենքն է պահանջում, ապա կբողոքարկեմ իր որոշումը արդեն գլխավոր  դատախազին: Այդ դեպքում հուսով եմ, որ իմ բողոքը գլխավոր դատախազը կքննի»,- ասաց Հայկ Ալումյանը` չբացառելով նաեւ դատական ընթացակարգով բողոքարկումը:

Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսել է  Արտակ Բուդաղյանին, եւ  բոլոր քայլերը համաձայնեցված է նրա հետ:

Իրենց մեղադրյալ ներգրավելու մասին տեղեկությունները թե փաստաբանը, թե Բուդաղյանը համարում են աբսուրդ վարկած:

«Հույս ունեմ` `կսթափվեն այդ վարկածի կողմնակիցները եւ կհասկանան, որ դա փակուղային ճանապարհ է իրենց համար: Զինդատախազը այնքան տարբեր է բաներ ասել, այնքան մանրամասներից է տեղյակ, որ երեւի հարկ կլինի այս գործով իրեն հարցաքննել որպես վկա»,- նշեց նա:

Առայժմ Հայկ Ալումյանը զինդատախազին չի ուղարկի խոստացած Քրեական դատավարության օրենսգիրքը, կսպասի վերջինիս որոշմանը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը:  Այդ հարցով Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Գլխավոր դատախազին, սակայն դատախազությունը այդ դիմումը ուղարկել էր Զինվորական դատախպազությանը: Իսկ մինչ այդ տվյալ միջնորդության վերաբերյալ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությունները, թե անհրաժեշտ է  կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, չի բացառվում Արտակ Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելը, փաստաբանը մեկ բառով էր բնութագրել` «Զինդատախազությունն իր ոճի մեջ է»:

«Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնել էր Հայկ Ալումյանը:

Նշենք, որ գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ  Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ