News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում տեղի է ունեցել Kongra-Gel-ի (Kongreye Gele Kurdistan-Քուրդիստանի ժողովրդական կոնգրես) 9-րդ համագումարը, որի ընթացքում տեղի են ունեցել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ղեկավար կազմի փոփոխություններ։ PKK-ի ներսում տեղի ունեցած փոփոխությունները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքիայում այս տարվա մարտի 21-ին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից հայտարարված զինադարարի կոչից եւ այնուհետ PKK-ի զինյալների՝ Թուրքիայի տարածքից հետ քաշվելու հայտարարությունից հետո թե Թուրքիայում, թե միջազգային հանրության կողմից մեծ արձագանք ստացան հունիսի 30-ից հուլիսի 5 –ը անցկացված  Kongra-Gel-ի (PKK-ի նոր անվանում-խմբ) 9-րդ համագումարում ընդունված փոփոխությունները։

Հաշվի առնելով, որ քրդական խնդիրը Մերձավոր Արեւելքի մի շարք խնդիրներից մեկն եւ թուրքական իշխանություններն Էրդողանի գլխավորությամբ փորձ են կատարում PKK-ին չեզոքացնել՝ քրդական հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու իմիտացիա ստեղծելով, բնական է թուրքական եւ միջազգային մամուլի ուշադրությունն այս թեմայի նկատմամբ։

Թուրքական եւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ փորձեցին PKK-ի ղեկավար կազմի փոփոխության համար տալ «PKK-ի ղեկավարությունն անցավ ռազմատենչ թեւին» որակումը, ինչը շտապողականության արդյունք էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ PKK-ի ռազմական թեւի հրամանատարությունից հեռացվեցին Թուրքիայում մի  շարք աղմկալի արյունոտ գործողությունների կազմակերպիչներ Բահոզ Էրդալն ու Նուրեթին Սուֆին։

Այսպես, 162 պատվիրակների մասնակցությամբ  Kongra-Gel-ի 9-րդ համագումարում PKK-ի ներսում գտնվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) ղեկավարման փոփոխություն տեղի ունեցավ։ KCK-ի ղեկավարումը նմանեցվեց Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (BDP) կուսակցության ղեկավարման համակարգին՝ համանախագահության սկզբունքով։  KCK-ն այսուհետ ունի նախագահության խորհուրդ եւ գործադիր խորհուրդ՝ համանախագահներով։  Աբդուլլահ Օջալանը միաձայն ընտրվել է KCK-ի գլխավոր նախագահ, իսկ գործադիր խորհրդի համանախագահներ են դարձել Ջեմիլ Բայըքը եւ Բեսե Հոզաթը։ Ընտրվել են նաեւ 2 տղամարդուց եւ 2 կանանցից կազմված տեղակալներ։

KCK-ի նախկին նախագահ Մուրադ Քարայըլանն էլ տեղափոխվել է PKK-ի ռազմական թեւի՝ HPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) հրամանատար։ Հետաքրքիր է, որ HPG-ի հրամանատարությունը Բահոզ Էրդալ ծածկանունով սիրիացի քուրդ Ֆեհման Հուսեյնը հանձնել էր կրկին սիրիացի Սուֆի Նուրեթինին։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դասընկեր համարվող Բահոզ Էրդալը վերջին տարիներին աչքի է ընկել Թուրքիայում իրականացրած աղմկահարույց արյունոտ գործողություններով, որի ժամանակ սպանվել են հարյուրավոր թուրք զինվորականներ եւ ոստիկաններ։

Անդրադառնալով KCK-ի գործադիր խորհրդի համանախագահ ընտրված Ջեմիլ Բայըքին եւ KCK-ի գործադիր խորհրդի նախկին նախագահ Մուրադ Քարայլըանին, պետք է նշել, որ սրանով PKK-ի քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն ենթադրում։  PKK-ին մոտ կանգնած բոլորը տեղյակ են, որ թեեւ KCK-ի նախագահը Մուրադ Քարայըլանն էր, այսինքն, Օջալանից հետո նա դեյուրե  2-րդ մարդն էր, սակայն իրականում 2-րդ մարդը Ջեմիլ Բայքըն էր։ Նախորդ համագումարի ժամանակ Օջալանի պահանջով էր Մուրադ Քարայըլանն ընտրվել KCK-ի խորհրդի նախագահ, ինչը դժգոհություն էր առաջացրել PKK-ի ներսում։

1955 թվականին Էլազըղի Քեբանի շրջանում ծնված Ջեմիլ Բայըքը PKK-ն ստեղծողներից մեկն է, ով 1970-ականների սկզբին Անկարայի համալսարանում սովորելու տարիներին ծանոթացել է Աբդուլլահ Օջալանի հետ։ Նա տեղ է զբաղեցրել PKK-ի հիմքերը գցող 1974-ին Անկարայի առաջին համաժողովին։ Ջեմիլ Բայըքը Դուրան Քալքանի, Ալի Հայդար Քայթանի, Ռըզա Ալթունի եւ Մուսաթաֆա Քարասուի հետ կազմել է PKK-ի կորիզը։ Բայըքը 1978 թվականի Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանի Ֆիս գյուղում տեղի ունեցած PKK-ի ստեղծման կոնգրեսում ընտրվել է գլխավոր քարտուղարի օգնական։ 1992-ին ստանձնել է Հյուսիսային Իրաքում PKK-ի շտաբի ղեկավարումը։ 1994-ին ընտրվել է նախագահության խորհրդի կազմում։ 2003-ին դարձել է PKK-ի 2-րդ մարդը։  Ջեմիլ Բայըքը հայտնի է Իրանի իշխանությունների հետ կապերով եւ PKK-ում համարվում է ռազմատենչ թեւի ներկայացուցիչ։

Ջեմիլ Բայըքի հետ համանախագահ դարձած Բեսե Հոզաթը ծնվել է Դերսիմում։  Նա PKK-ին միացել է 19 տարի առաջ եւ PKK-ի կանանց կազմավորումների պատասխանատուն էր։

Kongra-Gel-ի 9-րդ համագումարից օրեր անց արդեն KCK-ի կողմից հրապարակվել է 10 կետանոց քաղաքական որոշում, որի հիմնական իմաստն այն է, որ շարունակվելու է PKK-ի զինյալների դուրս գալը Թուրքիայի տարածքից։

Որպես արդյունք կարելի է ասել, որ PKK-ի ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները քաղաքականության գծի փոփոխություն չեն ենթադրում։ Դրանք հերթական համակարգային փոփոխություններ են՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։ Այն միեւնույն ժամանակ ուղերձ էր թուրքական իշխանություններին՝ շատ չլիցքաթափվել  քուրդ զինյալների հետ քաշվելու փաստից, քանի որ ցանկացած պահի կարող է ամեն ինչ սկսվել նորից։

Անդրանիկ Իսպիրյան
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ