News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդ, քննչական մեկուսարանի հիվանդանոցում գտնվող 46-ամյա Հրաչյա Հարությունյանին, արդեն բանտ են տեղափոխել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին նրա հարազատները։

Նրանք Հրաչյա Հարությունյանին բանտ տեղափոխելու մասին տեղեկություններ են ստացել լրատվամիջոցներից, սակայն որեւէ բան չի հաջողվում հստակ ճշտել։ Հարազատները նաեւ հայտնեցին, որ այսօր առավոտյան եւս չի հաջողվել նրան հագուստ փոխանցել, թեեւ երեկ ասել էին, թե այսօր կբերեք, կփոխանցենք։

Հրաչյա Հարությունյանի դուստրը՝  Լիլիթ Հարությունյանը նշեց, որ  20 տարուց ավելի է՝ հայրը մեքենա է  վարում, նա ընտանիքի լավ հայր է, իր գործում՝ վարպետ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին, երեք ամիս առաջ մեկնել է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի։

Դուստրը ցավակցեց վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքին։ «Ես շատ լավ գիտեմ ցավն ինչ բան է, իմ հայրը ավելի լավ է հասկանում դա: Գիտեմ, որ հայրս կարիք ունի հոգեբանի, ցավում եմ բոլորի համար եւ խոնարհվում  բոլորի առջեւ, չի կարող հայրենիքը կյանքի գնով պաշտպանած մարդը 18 մարդու կյանք խլել եւ հանգիստ ապրել: Պատկերացնում եմ իր վիճակը, պարզապես խնդրում եմ, որ ինչ էլ որ լինի, արդար լինի»,- ասաց Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ըստ երեւույթին վթարի պատճառը եղել է արգելակների անսարքությունը։

Բարեկամները նաեւ շեշտում են, որ Հրաչյա Հարությունյանը մեքենան շրջելով փորձել է իր կյանքը վտանգի ենթարկելով փրկել այլոց կյանքը, ինքը դուրս չի եկել մեքենայից, այլ իներցիայի ուժով դուրս է թռել։

Ասուլիսին ներկա Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին էլ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ նման դեպքերի մասին ենք լսել, սակայն երբեք ականատես չենք եղել, որ նման ձեւով վարվեն կասկածյալի հետ, այն դեպքում, երբ նա հանցագործ չէ, դժբախտ դեպքի վկա է, մասնակից։

Ասուլիսից հետո Հարությունյանների հարազատները շարժվեցին Ազատության հրապարակ՝ հանդիպելու հացադուլ եւ նստացույց անող ազատամարտիկների հետ։ Հարազատները  դիմում են բոլորին՝ օգնության խնդրանքով՝  շեշտելով, որ  եթե Հրաչյա Հարությունյանը պատիժ պետք է կրի, գոնե կրի Հայաստանում։

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ