News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի ծիրանի արտահանման տեմպերը կրկնապատկվել են. նախորդ տարվա 11.500 տոննայի դիմաց օրվա տվյալով՝ շուրջ 20.888 տոննա ծիրան է արտահանվել: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 23-ին, գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ:

Օրվա օպերատիվ տվյալով՝ մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից:

Աճի միտումներն առկա են պտուղ-բանջարեղենի ամբողջական ցուցանիշների կտրվածքով. մթերվել է 12.977 տոննա պտուղ, 477 տոննա բանջարեղեն, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ամբողջական ցուցանիշը 34.996 տոննա է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մթերող այն ընկերություններին, որոնք ծիրանի մթերումն իրականացրել են ըստ պատշաճի եւ նախօրոք խոստացված խմբաքանակով:

Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ վերամշակող ճյուղի վրա ահռելի պատասխանատվություն է դրված, քանի որ ՀՆԱ-ի մեջ այս ճյուղն ունի 6 տոկոսանոց չափաբաժին: «Մենք բոլորս պետք է կանգնենք գյուղացիների կողքին: Նա է արտադրողը եւ հարկ է նրան աջակցել թե՛ պետական եւ թե՛ մասնավոր միջոցներով՝ սահմանելով մթերման խելամիտ գին եւ ստեղծելով նրա համար բարենպաստ պայմաններ, իհարկե, չանտեսելով նաեւ ձեր բիզնես շահերը»,- ասել է նախարարը:

Մթերողները նախարարին հավաստիացրել են, որ պտուղ-բանջարեղենի մթերման առումով խոչընդոտներ չեն առաջանա: Մասնավորապես լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ: Իսկ դեղձի մթերման առումով ներկայացրել են իրենց նախնական պահանջարկը՝ երաշխավորելով, որ ամեն ինչ կանեն մթերման աշխատանքները սահուն եւ կազմակերպված անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ