News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես իմ հույսը կորցրել էի, որ իմ էրեխեն հետ կգա, բայց հիմա երջանիկ եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասատուր Խաչատրյանի մայրը` Անուշ Խաչատրյանը՝ հավելելով, որ իր երեխային բարի մարդիկ հետ են ուղարկել: Նա չմոռացավ նաեւ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցուն, ով իր երեխային հաց, ջուր եւ քնելու տեղ է տվել:

«Էրեխու վիճակը տեսնելով, ասել է. «Ես իմ ձեռքով քեզ հետ կուղարկեմ բալա ջան»,- պատմեց տղայի մայրը: Ադրբեջանից վերադառնալուց հետ մայրը, թեեւ տղային չի գրկել, բայց թեկուզ սկայպով շփվելով իրեն երջանիկ է զգում, որ տղան ողջ ու առողջ է:

«611 չվերթի փոխարեն 601 են գրել: Երբ բարձրացել է ինքնաթիռ, նոր է հասկացել, որ Բաքու է թռչում: Ասել են` ոչինչ, դու գնա Բաքու, մենք քեզ Երեւան կճանապարհենք: Օդանավակայանում, որ հարցնեք, կպատմեն իմ վիճակը: Հոգեկանս խախտվել էր, գիտակցությունս կորցրել էի: Ում ուղեղի մեջ կտեղավորվի, որ որդին գնա իրա ոտքով թուրքի մոտ գերի ընկնի: Բա ծնողը ո՞նց կարար այդ ցավին դիմանալ: Փառք Աստծո, այս ամենը լավ ավարտ ունեցավ Կարմիր խաչի անմիջական աջակցությամբ»,- նշեց Անուշ Խաչատրյանը եւ ավելացրեց, որ որդին դեռ մնալու է այնտեղ հանգստանալու: 

Ասատուրը գնացել էր Կիեւ` ազգականի մոտ հանգստանալու: Ի դեպ, մոր պատմելով, Կիեւում նրան ասել են, որ մոտը գումար չկա, հետեւաբար պետք է հետ վերադառնա Հայաստան ու այդպես են ուղարկել Բաքու: «Բայց տղաս ոչ մի փաստաթղթային խնդիր չի ունեցել»,- պատմեց տիկին Անուշը:

Հարցին, թե դատական հայց ներկայացնելո՞ւ են, նա պատասխանեց, որ դրա կարիքը այս պահին չեն տեսնում, քանի որ իրենց որդին ադրբեջանցիների մոտից «սաղ-սալամաթ» հետ է եկել: «Ինձ էլ ոչ մի բան պետք չի»,-նշեց մայրը, ինչպես նաեւ ավելացրեց, որ Ասատուրն իր միակ զավակն է: Նա երկու տղա է ունեցել, որոնցից մեկը 14 տարեկանում մահացել է, իսկ Ասատուրը մեծն է:

Ասատուրն էլ փոխանցեց, որ Ադրբեջանում, թեեւ իրեն լավ են վերաբերվել, բայց դա իր կյանքի ամենաերկար գիշերն է եղել եւ առանց աչք փակելու է լուսացրել: Բայց հիմա փառք  է տալիս Աստծուն, որ ամեն ինչ լավ է եւ փորձում է ազգականների միջավայրում հանգիստը կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ