News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2011թ հոկտեմբերի 7-ին քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկին արտերկրում բուժման տանելու համար անհրաժեշտ գումարը դեռ չի հաջողվել հավաքվել, այդ պատճառով ընտանիքը անընդհատ հետաձգում է մեկնումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Նաիրան:

Նա նշեց, որ Սաթենիկին օգնելու համար բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 միլիոն եւ 100 հազար դրամ, մեկ միլիոնը փոխանցել է մի անձնավորություն, ով չի ցանկանում իր անունը հրապարակայնացնել: Ընտանիքը այժմ վաճառում է իր ունեցվածքը, արդեն վաճառել են ավտոմեքենան, տան իրեր, մայրը հույս ունի, որ, այդ ամենը վաճառելով, կկարողանա 20 հազար եվրո հավաքել: «Էն վիճակում եմ, որ որտեղ լինի, էնքան որ դուրս տամ, մի հատ հետազոտվի, ուղեղի հետ կապված այստեղ ոչ մի բան չեմ կարողանում անել, այսօր ես հակված եմ ամեն տեղ, մենակ այստեղից դուրս հանեմ»,- ասաց Սաթենիկի մայրը: Նա հիասթափված է, որ  պաշտոնյաներին, գործարարներին ուղարկված նամակներից որեւէ պատասխան չկա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը եւս խոստացել է օգնել ընտանիքին եւ որոշակի գումար տրամադրել Սաթենիկին արտերկրում բուժման տանելու համար: Նաիրան նշեց, որ գոնե պետք է 60 հազար եվրո ունենան, որ կարողանան նախնական գումարը փոխանցել, պայմանավորվածություններ ձեռք բերել հիվանդանոցի հետ, վճարումներ կատարել, դեսպանատուն մտնել եւ տոմսեր գնել:

Մայրը գոհունակություն հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենից, անեսթեզիոլոգից, մինչդեռ վիրավորված է նրան վիրահատած բժշկից` Արա Հայրապետյանից, քանի որ վերջինիս անտարբեր է աղջկա առողջական վիճակի նկատմամբ եւ ընդհանրապես իր մեղավորությունը չի տեսնում: Մայրը մտածում է բժշկին դատի տալու մասին, բայց առայժմ չի շտապում, սպասում է դստեր ապաքինմանը: «Ինքը մինչեւ վերջ ասում է` ես մեղավոր չեմ, բայց ամենամեծ մեղավորությունը իրենն է, իր հիվանդն է, իր վիրահատությունը, ճիշտ է` քթի հետ կապված խնդիր չունենք, ուրեմն ինքը մեղավոր չէ՞, բայց այդպես չի լինում»,- ասաց Նաիրան:

Մայրը նաեւ տեղեկացրեց, որ Սաթնիկի վիճակում չնչին դրական տեղաշարժ կա, նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տանում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն մերսումների, լողավազան, ինչի շնորհիվ նրա շարժողական համակարգը մի քիչ կարգավորվել է, բայց ուղեղի աշխատանքի հետ կապված ոչ մի փոփոխություն: «Երբ հարցեր ենք տալիս, խոսում է, ճիշտ է` շատ դժվարությամբ, պետք է մի քանի անգամ ասի, որ հասկանանք, ինչ-որ բառեր ասում է: Ընդհանրապես ոչինչ չի հիշում,չի հասկանում, որ հարցնում ենք` վիրահատել են քիթդ, ասում է` չէ, ասում ենք` կուզես վիրահատել, ասում է` չէ»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել HSBC բանկի հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ: 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ