2011թ հոկտեմբերի 7 քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկին օգնելու համար բացված հաշվեհամարին ընդամենը փոխանցվել է ընդամենը 85 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Նաիրան:

Նա նշեց, որ նամակներ է գրել տարբեր պաշտոնյաների, գործարարների, նախագահ Սերժ Սարգսյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, սակայն ոչ մի պատասխան առայժմ չեն ստացել:

Սաթենիկը այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ամեն օր տանում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն` մերսումների, լողավազանի եւ այլ պրոցեդուրաների: «Բոլորը պնդում են, որ պետք է անպայման դուրս տարվի, որ իր ուղեղի հետ կապված խնդիրը կարգավորվի, թթվածնային քաղցից ատրոֆիա է սկսվել, միայն դրսում է հնարավոր նրա բուժումը»,- ասաց Սաթենիկի մայրը:

Նա նշեց, որ աղջկա առողջական վիճակում չնչին դրական տեղաշարժ է նկատվել, բայց կարեւոր խնդիրների դեպքում` ոչ մի փոփոխություն: «Դրական է այն, որ գոնե այսօր մեր ձեռքը բռնած գոնե քայլում է: Իր մոտ ուղեղի հետ կապված խնդիր կա, ատրոֆիա կա, ինքը օրվա մեջ ինչ անում է, չի հիշում ոչինչ»,-ասաց Նաիրան:

Քանի որ գումարը չի հավաքվում, արձագանքներ չկան, նրանք հետաձգել են երեխայի արտերկիր տանելը: Օգոստոսի սկզբին մեկնելու փոխարեն այժմ նրանք որոշել են մեկնել օգոստոսի վերջին,  բուժումը նախատեսում են անցկացնել Իսրայելի հիվանդանոցներից մեկում, բուժումը կարժենա մոտ 90 հազար դոլար: «Գոնե մի քիչ կողքից եթե պաշտոնյանները օգնեն, մնացածը հիվանդանոցը կտա, որովհետեւ իրենց մեղքով է եղել, երեխու մեղքով չէ: Բժիշկների մեղքով է երեխան այս վիճակում հայտնվել, թե վիրահատող բժշկի, թե նարկոզիստի, երկուսի մեղքն էլ շատ-շատ մեծ է: Ես հիմա չեմ խորանում, հիվանդանոցի տնօրենը ամեն ինչով օգնել է Սաթենիկին, թե բժիշկներ բերելով, թե ամեն ինչով, ես միայն ասում եմ, որ աղոթեք, որ երեխուս վրա 1 տոկոս խնդիր չմնա,  իսկ եթե մնացել է, չգիտեմ ինչ է լինելու ձեր վերջը: Սպասում եմ, որ տեսնեմ հիվանդանոցը ինչքանով ինձ կօգնի, ասել են գոնե կեսով կօգնենք»,-ասաց մայրը:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ