Լաոսում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և արդյունաբերության ու առևտրի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այդ մասին ասված է Լաոսում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«ԼԺԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայթոնգ Թամմավոնգսանի և ԱԳՆ Եվրոպայի և Ամերիկաների վարչության գլխավոր տնօրեն Էկկաֆաբ Ֆանթավոնգի հետ հանդիպումների ընթացքում կարևորվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Անդրադարձ կատարվեց կրթության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացմանը։ Լաոսական կողմը պատրաստակամություն հայտնեց քննարկել կրթական փոխանակումների ընդլայնման հարցերը։

Լաոսի արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրի վարչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և թիրախային առցանց հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկեցին գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության, ագրոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և էկոտուրիզմի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվեցին շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հնարավոր գործընկերների բացահայտումը և գործարար կապերի ընդլայնումը։

Կայացած բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների չիրացված ներուժն օգտագործելու և փոխգործակցության գործնական ուղղությունները հետևողականորեն զարգացնելու պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ: