ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների հետ գործընկերությունն անվանել է Ռուսաստանի ռազմավարական ուղեգիծ։

«Ընդգծեմ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունների հետ կառուցողական գործընկերությունը Ռուսաստանի ռազմավարական ուղեգիծն է։ Մենք տարածաշրջանի անբաժանելի մասն ենք և մեր ծանրակշիռ ներդրումն ենք ունենում նրա նյութական բարեկեցության ապահովման գործում։ Միայն այս տարվա ութ ամիսների ընթացքում տարածաշրջանի տնտեսությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե մեկ երրորդով՝ շեշտը դնելով ոչ էներգետիկ և նորարարական ապրանքատեսակների վրա», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստում։

Նա նշել է, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների հետ Ռուսաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը վերջին տասը տարում աճել է գրեթե 60%-ով։

«Մեր երկիրն ակտիվորեն առաջ է մղում Մեծ եվրասիական գործընկերություն ստեղծելու առանցքային նախաձեռնությունը, որը կոչված է մայրցամաքում ապահովելու անխոչընդոտ տնտեսական տարածք։ Այդպիսի գործընկերությունը դիտարկում ենք որպես ինտեգրացիոն միջուկ՝ Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՍԵԱՆ-ի մեխանիզմների համակցման համար», - ասել է Պուտինը։

Բացի այդ, նրա խոսքով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան են մատակարարվում ինչպես ռուսական էներգակիրներ, այնպես էլ մեծ ծավալներով հացահատիկ և հանքային պարարտանյութեր։

«Դրանով մենք էապես նպաստում ենք ողջ տարածաշրջանի էներգետիկ և պարենային անվտանգության պահպանմանը։ Եվ առևտրային գործընկերները միշտ կարող են ապավինել մեր մատակարարումների հուսալիությանը, բարձր որակին և կայունությանը։ Ռուսաստանը ձգտում է բաց մնալ աշխարհի համար և միաժամանակ ամրապնդում է իր տնտեսական ներուժը», - ընդգծել է պետության ղեկավարը։