Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգառեսուրսների մատակարարման խափանումները հետևանքներ են ունենում ամբողջ աշխարհի համար, որոնց դրսևորումներից են նաև եվրոպական երկրներում բողոքի ցույցերն ու վառելիքի թանկացումը։ Այս տեսակետն է հայտնել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ «Վեդոմոստի» պարբերականում հրապարակված իր հեղինակային սյունակում։

«Ցանկացած խափանում և առճակատում հանգեցնում են մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու դուրս եկող հետևանքների՝ ազդելով էներգետիկ անվտանգության, շուկայի կայունության և ամբողջ աշխարհում արտադրողների ու սպառողների տնտեսական շահերի վրա։ Տեսե՛ք եվրոպական երկրներում ընթացող ներկայիս բողոքի ցույցերն ու Եվրոպայում և Ամերիկայում գնաճի ու վառելիքի գների սրընթաց աճը», — նշել է նա։

Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն ու շարունակվող ռազմական սպառնալիքները հանգեցրել են Հորմուզի նեղուցի փակմանն ու գազի համաշխարհային մատակարարումների խափանմանը (հատկապես՝ Ասիայում)։ Նա նաև մատնանշել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճը և ձմռան շեմին պաշարների՝ նախորդ տարվա համեմատ, ավելի ցածր մակարդակը։

Արաղչին վառելիք արտադրող երկրներին կոչ է արել ամրապնդել երկխոսությունը, դիվերսիֆիկացնել մատակարարման երթուղիները, պաշտպանել կենսական նշանակության ենթակառուցվածքները և համաշխարհային էներգետիկ շուկաների վրա աշխարհաքաղաքական ցնցումների ազդեցությունը մեղմելու համար ստեղծել գործնական մեխանիզմներ։