News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Բուհերում ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներն այսօր` օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ին, հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ: NEWS.am-ի թղթակցին ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ակտիվիստներին հրավիրվել են նախարարություն հանդիպման, առաջարկվել է  բաց հանդիպում, սակայն սկզբից երիտասարդները մերժել են` ասելով, որ ընդունելի չէ նախարարությունում քննարկում անելը, ուզում են` նախարարը իջնի ներքեւ: Որոշ ժամանակ անց երիտասարդները մտափոխվել են, որոշել բարձրանալ վերեւ, Արմեն Աշոտյանը նրանց ընդունել է նիստերի դահլիճում եւ ասել, որ պատրաստ է լսել բոլոր առաջարկությունները:

«Բայց երիտասարդները որեւէ պահանջ, առաջարկություն չներկայացրին, իրենք շեշտեցին, որ նախարարը իջնի ներքեւ եւ այնտեղ ներկայացնեն իրենց պահանջները: Նախարարն էլ ասել է, որ եթե եկել եք, հանդիպման վայրը էական չէ, կարելի է այստեղ քննարկում անել, բայց ակտիվիստները շարունակեցին պնդել, որ նախարարը իջնի ներքեւ` իրենց հետ զրուցելու»,- հայտնեցին ԿԳՆ-ից:

Դրանից հետո, նրանց փոխանցմամբ, երիտասարդները հեռացան նիստերի դահլիճից, իսկ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանումներ տվեց: Նա շեշտեց, որ ողջունում է քաղաքացիական նախաձեռնությունները, միշտ բաց է առաջարկությունների, քննարկումների համար, պատրաստ է քննարկել դրանք: Նախարարը նաեւ ներկայացրել է ուսման վարձերի բարձրացման հետ կապված հիմնական մոտեցումները, բուհերի վիճակը:

Հիշեցնենք, որ Կառավարության` ուսման վարձերը 80-200 հազար դրամով բարձրացնելու մասին որոշումից հետո մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք արդարացի չեն համարում ուսման վարձի բարձրացումը եւ Կառավարության կողմից հնչեցվող պատճառաբանությունները` ասելով, որ սա թալան է պետական մակարդակով, ՀՀԿ-ն փորձում է հարվածել հայ քաղաքացու գրպանին»: Ցուցարարները նախատեսում են եւս մեկ` ավելի մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել մինչեւ ամսվա վերջ, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ