News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հուլիսը մեր տնտեսության համար բավական հազվադեպ երեւույթով նշանավորվեց. աճի տեմպերով ներկրումը մեծապես գերազանցեց արտահանումը՝115,8%-ն ընդդեմ 105,7%-ի: Երկար ժամանակ է արտաքին առեւտրաշրջանառության երկու բաղադրիչների տարբերությունը չէր հասել  երկնիշ թվի (10,1 տոկոս)՝ հօգուտ ներկրման:

Ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում ներկրման ամենամեծ ծավալը հենց հուլիսին է գրանցվել: Սակայն հուլիսյան ցատկը քիչ բան է փոխում ներկրման եւ արտահանման միջեւ հարաբերակցության երկարաժամկետ պլանում:

Հունվար-հուլիս ամիսների արդյունքով՝ արտահանումը 8,0 տոկոսով գերազանցել է ներկրումը: Հաշվի առնենք, որ ներկրումը մարտ-հունիս ժամանակահատվածում անկում էր արձանագրել:

Ընթացիկ տարվա I կիսամյակում ներկրման ծավալների անկումը կապված էր բուսական ծագմամբ ապրանքների (21,1 մլն դոլարով), հանքային մթերքների (20,6 մլն դոլար) եւ «ցամաքային, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցների» (26,9 մլն դոլարով) ներկրման նվազման հետ:

Նշենք, վերջին մակրոխմբի ցուցանիշների վրա ազդել է բեռնատար ավտոմեքենաների ներկրման կրճատումը: Բայց մեզ համար հատկապես կարեւոր է առաջին խումբը, որում որոշիչ դեր ունի հացահատիկը:

Հացահատկի առումով ներկրման ծավալը I կիսամյակում զգալի է  կրճատվել՝ 143,8 տոննայով կամ 3,3 անգամ: Ինչպես հայտնի է, ներկրված  հացահատկի ալյուրը հիմնականում օգտագործվում է հացի եւ մակարոնեղենի արտադրությունում:

Ներկրված ալյուրի գնի նվազումը մի փոքր քիչ էր (2,2 անգամ), քանի որ տարվա ընթացքում մաքսատուրքը կտրուկ աճել էր՝ տոննայի դիմաց  251,1 դոլարից հասնելով 373,0 տոննայի: Այսկերպ, ներկրվող հացահատիկը տոննայի համար թանկացել է 121,8 դոլարով կամ մեկուկես անգամ:

Հավելենք, որ Հայաստան ներկրվող հացահատկի 88%-ը Ռուսաստանից է բերվում:

Ընթացիկ տարվա հուլիսին Երեւանում ալյուրի մանրածախ գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 1 կգ-ի համար աճել է 73,6 դրամով կամ 18,9%-ով: Հացի թանկացումն այնքան էլ կտրուկ չի եղել՝ 1 կգ-ի համար՝ 23,9 դրամ, կամ 5,0%: Միաժամանակ, երկնիշ թվով (19,0%) աճել են մակարոնի եւ վերմիշելի գները:

Հացահատկի պաշարների հետ կապված խնդիրների եւ դրա հետեւանքով՝ ներքին գների թանկացման պատճառով Ռուսաստանում դրա արտահանումը I կիսամյակում կրճատվել է 6 անգամ, այն դեպքում, երբ ներկրումն աճել է 10 անգամ: Ընթացիկ տարում այդ երկրում ռեկորդային բերք է սպասվում (91-93 մլն տոննա), սակայն տեղի մասնագետները կասկածներ ունեն դրա ամբողջական հավաքման հարցում:

Կորուստներ են սպասվում նաեւ հացահատկի փոխադրումների ընթացքում: Հսկայական հերթերում բեռնատարներով տեղափոխվող հացահատիկը կորցնում է որակը եւ օգտագործվում սպիրտի արտադրությունում:

Այնուամենայնիվ, ռուսաստանցի որոշ մասնագետների կարծիքով հացահատկի գներն ամեն դեպքում կնվազեն: Սակայն ռուսական հացահատկի գնի էժանացումը Հայաստանում հացի ու մակարոնեղենի գների նվազման երաշխիք չէ...

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ