News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիության աջակցությունը՝ Հայաստանում կրթության բարեփոխումները շարունակելու առումով կարեւոր նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին տեղի ունեցած  նախարարական գագաթաժողովում ակտիվ մասնակցության եւ շահագրգիռ ու սկզբունքային դիրքորոշումների համար:

«Հայաստանը ԵՄ աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտներում»,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ ԵՄ աջակցությամբ մայրաքաղաք Երեւանում եւ տարբեր մարզերում վերակառուցվել ու վերազինվել են 12 տարածաշրջանային քոլեջներ, իրականացվել են ՄԿՈՒ համակարգում կրթության բովանդակության բարեփոխումներ: Նախարարը հույս է հայտնել, որ  բարձրագույն կրթության ոլորտում նույնպես ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ «Էրազմուս+» եւ  այլ ծրագրերի շրջանակում:

Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ, կարծիք է հայտնել, որ քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան. «Կրթական կապերի ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել եւ մնում է կարեւոր առաջնահերթություն»,- նշել է Ա. Վասիլիուն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի գործընթացում արձանագրած հաջողություններով եւ փորձով օգտակար կլինի ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:

Նախարարը շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիր՝ Հայաստանը պատրաստ է ներկայացնել խորհրդատվություն՝ Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրներին՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի Եվրոպայի «կրթության քարտեզից» վերացվեն բոլոր «սեւ բծերը»: Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ նույնպես ունեն  միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու իրավունք: «Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ՝ միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա»,- ընդգծել է  Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների եւ բազմաթիվ  այլ խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ