News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ազգային գրադարանի սրահում սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված` հայ եւ վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես էին կազմակերպել Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնը` Վրաստանի հայ նկարիչների եւ Վրաստանի հայ երաժիշտների միությունների կազմակերպական աջակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը` շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ,  մասնավորապես նշեց. «1991 թվականին հռչակված հայկական պետության անկախությունը, թերեւս վերջին մի քանի դարերի ընթացքում մեր ժողովրդի   ամենանշանակալից ձեռքբերումն է: Սա այն տոնն է, որի մասին դարեր շարունակ երազել են մեր ազգի լավագույն ներկայացուցիչները եւ հանուն որի, արել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը»:

Իր խոսքում Հովհաննես Մանուկյանն արժեւորել է հայ-վրացական մշակութային կապերի զարգացմանը միտված նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու հայ-վրացական դարավոր բարեկամությունը խթանող եւ զարգացնող համատեղ այլ մշակութային ակցիաների իրականացումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Գուրամ Ցերցվաձեն, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Ներկայացվել են ցուցահանդեսին մասնակցող հայ եւ վրաց գեղանկարիչները, նրանց ստեղծագործությունները, խոսվել է հայ եւ վրաց ժողովուրդների հարուստ մշակույթը հանրությանը ներկայացնելու եւ մշակութային փոխհարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 23-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ