News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստան-Լեհաստան երկկողմ համագործակցության ձեւաչափում մեծ տեղ ունի մշակութային բաղադրիչը, որը լավագույն խթան է տարածաշրջանում մշակութային համագործակցության զարգացման համար: Այս մասին, սեպտեմբերի 19-ին, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդրոյեւսկիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը կարեւորել են 2011 թ. «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մշակույթի, կրթության, գիտության բնագավառում 2011-2013 թթ. համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում իրականացվել են մի շարք կարեւոր ծրագրեր: Այս համատեքստում, Հ. Պողոսյանն անդրադարձել է Հայաստանի գործուն մասնակցությանը Վար¬շավայի գրքի փառատոնին, որտեղ 2012 թ. հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանը ներկայացել է պաշտոնական հյուրի կարգավիճակով: Այնուհետեւ, անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ երիտասարդ երաժիշտ-կատարողների հմտությունների բարձրացմանը եւ փորձի փոխանակմանն ուղղված՝ «I Culture» մշակութային նախագիծին, ինչպես նաեւ՝ միջազգային կինոփա¬ռատոների, թատերական փառատոների ընթացքում հայ եւ լեհ կինոռեժիսորների,  թա¬տերական գործիչների մշտապես մասնակցությանը /Հայաստանում իրականացվող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն/:

Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են 2014 թ. Սոպոտի մշակույթի պետական պատկերասրահում կազմակերպվող Հովհաննես Այվազովսկիի ցուցահանդեսի եւ Հայաստանի ազգային պատկերասրահում Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:

Քննարկվել է 2015 թ. Լեհաստանում Հայաստանի մշակույթի օրեր եւ փոխադարձաբար՝ Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրեր կազմակերպելու հարցը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպել Ֆ. Շոպենի անվան ամենամյա փառատոն, որի իրականացման գործընթացը կքննարկվի առավել հանգամանալից:

Հանդիպման վերջում Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Բ. Զդրոյեւսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության եւ հայ-լեհական մշակութային կապերը պատշաճ մակարդակի վրա պահելու համար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ