News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:

Դուք՝ որպես ԵՄ նախագահող երկրի դեսպան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Եվրամիությունում նախագահող երկրի համար  «Արեւելյան գործընկերությունը» նախաձեռնության ամենասկզբից առաջնահերթություն էր: Այս ծրագիրն առանցքային է այսօրվա դրությամբ, եւ կարծում եմ՝ այդպիսին կմնա ապագայում:

Մենք գործընթացը գնահատում ենք ոչ միայն տվյալ փուլի համար, այլեւ նայում ենք ապագային՝ թե ինչ կլինի Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը, եւ մենք հարգում ենք կայացվող բոլոր որոշումները: Ցանկացած ժողովրդավարական, ազատ երկիր որոշում կայացնելու իրավունք ունի: Մենք հանգամանորեն վերլուծում ենք ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո անմիջապես մեկնեց Բրյուսել եւ Վիլնյուս, ինչը դրական ազդանշան ենք համարում:  Հայկական կողմի ազդանշանը հետեւյալն է. «Հայաստանը կշարունակի մասնակցել  «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Մեզ համար դա է ամենակարեւորը: Մենք հարաբերությունների զարգացման հեռանկարին հավատով ենք նայում՝ հուսալով, որ լուծում կգտնվի»:

Կիսո՞ւմ եք որոշ վերլուծաբանների տեսակետը, որ Հայաստանի այդ որոշումը պայմանավորված է Հայաստանի հետ հարաբերություններում ԵՄ-ի որոշակի պասիվությամբ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանը բացելու հարցում:

Ես չէի համաձայնի տեսակետի հետ, որ ԵՄ-ն պասիվություն է դրսեւորել: Որպես նոր դեսպան, ես չեմ կարող դատել անցած ողջ ճանապարհի մասին, բայց տեսել եմ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության պլանը, որը ստորագրվել է 2006-ին: Տարեցտարի ծրագրերն ավելանում են, էլ չեմ ասում զարգացման ծրագրի մասին, որը միայն 2011-13-ին կազմել է 157 մլն եվրո, այնինչ 2007-2010 թվականներին այն կազմել էր 98 մլն եվրո:

Իհարկե, խնդիրը միայն թվերը չեն, միշտ պետք է նայել հասարակությանը, արժեքներին, այն ամենին, ինչը մեզ առաջ է մղում: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի կողմից շատ բան է արվել: Վերջին ժամանակներս ես ԵՄ-ին ուղղված մեղադրանքներ եմ լսում՝ կապված դոնոր կոնֆերանսի հետ, որը չկայացավ Հայաստանում, սակայն եթե նույնիսկ նայենք կոնֆերանսի նախապատրաստման պատմությանը, ես համաձայն չեմ ժամկետների հետ: ԵՄ վերջին դեսպանը հաստատեց, որ միայն 2021-ի սկզբին է ԵՄ-ն առաջին անգամ պաշտոնապես ստացել կոնֆերանսի նախապատրաստման մասին խնդրանքը: Այսինքն, մենք խոսում ենք մեկ, ոչ թե հինգ տարվա մասին: ԵՄ-ն արել է բոլոր հնարավոր քայլերը, իմանալով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ավելի ուշ է սկսել եւ նույնիսկ առաջ անցել մյուս երկրներից:

Վերջին տարիներին Հայաստանն ու Լիտվան հայտարարել են տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ իրավապ գործունեության, կրթության: Ինչպիսի՞ն են համագործակցության զարգացման հեռանկարները՝ կապված վերջին իրադարձությունների հետ:

Ես, որպես նոր նախարար, բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել, այդ թվում՝ նախագահի, վարչապետի, պատգամավորների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Ինձ ուրախացնում է այն, որ բազմաթիվ նախարարներ ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը  Լիտվայի հետ: Սակայն, անցնելով պրակտիկ քայլերին, տեսանք, որ որոշ պայմանագրերի նախագծեր ստորագրվել են 2007-2008թթ: Դա, իհարկե, զգաստացնում է: Երբ ես բարձրացրի այդ հարցը, կոմղերը միմյանց մատնանշեցին: Շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում տեսնենք, թե կոնկրետ ինչ պետք է արվի: Ես գոհ եմ, որ սոցիալական, իրավապահ եւ կրթության ոլորտում կոնկրետ քայլեր են արվել

Չեմ կարող չհիշատակել մշակույթը: Ձեր նախարարի եւ մեր մշակույթի նախարարի ջանքերի շնորհիվ Վիլնյուսում կազմակերպվելու է Փարաջանովի ցուցահանդես: Երեւանում մենք սկսեցինք Վիլնյուսյան համալսարանի համերգից, հոկտեմբերի 2-ին բացում ենք լիտվացի նկարիչների ցուցահանդեսը: Կարծում եմ, որ պետք է ամրապնդել մշակութային կապերը, քանի որ մենք միասին ենք եղել, մարդիկ դեռ չեն մոռացել մեր ընդհանուր անցյալը: Մեր առաջնայնություններից է նաեւ զբոսաշրջությունը: Չնայած մի երկրից մյուսը տեղափոխվելու դժվարություններին, մարդիկ ուղիներ են փնտրում՝ Լիտվա այցելելու: Հայաստանի գեղեցկությունն ու անվտանգությունը (Հայաստանն ամենահանգիստ երկրներից է՝ անվտանգության տեսանկյունից, որտեղ եղ աշխատել եմ) զբոսաշրջության զարգացման առումով մեծ պոտենցիալ ունի:

Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները: Համագործակցության հատկապես որ ոլորտով են հետաքրքրված լիտվական ընկերությունները:

Տնտեսական հարաբերությունների զարգացումը Լիտվայի  ակնհայտ առաջնահերթությունն է Հայաստանում: Այս պահի դրությամբ ցուցանիշները բավական թույլ են: Հավատում եմ, որ կհաջողվի ընդհանուր հետաքրքրություններ գտնել: Ես հանդիպել եմ Զարգացման հայկական գործակալության  գլխավոր տնօրենի, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահի հետ, եւ մենք  փորձել ենք ընդհանուր հետաքրքրություններ գտնել: Իհարկե, ինձ համար առաջնային է 2014թ. բիզնես առաքելության կազմակերպումը: Հայաստանում վերջերս բացվեց տնտեսական առաջին ազատ գոտին:  Մենք արդեն վաղուց անցել ենք այդ փուլը եւ պատրաստ ենք փորձի փոխանակման: Ես վստահ եմ, որ լիտվական կողմը կհետաքրքրվի նաեւ  տնտեսական ազատ գոտիով:

Տնտեսությունում կարեւոր են գործնական քայլերը, եւ լիտվական բիզնեսն ուսումնասիրում է այս կամ այն ոլորտ մտնելու հնարավորությունը:

Ինձ հաճելի է, որ այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների լիտվական ընկերություն է աշխատում: ՏՏ ոլորտը  կարեւոր է բանկային, էներգետիկական, ինչպես նաեւ գյուղատնտեսական  ոլորտների համար: Եթե խոսենք համագործակցության հստակ բնագավառներից,  կարող եմ առանձնացնել կահույքագործական, դեղագործական արդյունաբերությունը:

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ի՞նչն իրապես կարող է օգնել կողմերին այդ հարցի շուրջ ընդհանուր պայմանավորվածություն ձեռք բերել:

Մեր դիրքորոշումը չի փոխվում՝ մենք կողմ ենք տարածաշրջանում կայունությանը եւ հարցի բացառապես խաղաղ լուծմանը: Բոլոր կողմերն էլ պետք է անեն հնարավոր ամեն բան, իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի գործընթացը շարունակական բնույթ կրի: Լիտվան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ Մադրիդյան սկզբունքներին: Համոզված ենք, որ հակամարտության միայն խաղաղ կարգավորումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Բազմիցս ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիտվան համագործակցում են նաեւ պաշտպանության ոլորտում: Ինչպիսի՞ն է այդ համագործակցության բնույթը:

Ռազմական ոլորտում համագործակցությունը կարելի է հատկանշական համարել: Այն արդեն շատ տարիներ է շարունակվում: Շնորհակալ ենք Հայաստանին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու: Ուրախ ենք, որ Հայաստանը դեռեւս շարունակում է մասնակցել աֆղանական գործողությանը: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցությունը հիմնված է պայմանագրի, մեկամյա պլանի վրա, որը ենթադրում է ուսանողների փոխանակություն: Այդ համագործակցությունը շարունակվում է բազմաթիվ տարիներ եւ դրա պատճառը կարող է լինել այն, որ թե Հայաստանում, թե Լիտվայում գերատեսչությունները ղեկավարել են ուժեղ անձինք: Ինձ հաճելիորեն զարմացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը; Կարծում եմ՝ Լիտվան շատ բան ունի ձեզանից սովորելու՝ թե ՆԳՆ, հրշեջ ծառայության գործունեության առումով:

Հարցազրույցը վարեց Աննա Ղազարյանը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ