News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում անցյալ տարի կրկեսի պայթեցումը բացասական ազդեցություն ունեցավ  արվեստի այդ տեսակի հանդեպ մարդկանց վերաբերմունքի վրա, սակայն վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում  բարձիթողի վիճակում հայտնված կրկեսը կամաց- կամաց պետք է գրավի իր տեղը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է այս տարվա մայիսին Պրահայից Հայաստան ժամանած շրջիկ կրկեսի գեղարվեստական ղեկավար, Գինեսի ռեկորդների գրքում յուրահատուկ` բաժակներով համարի համար գրանցված ծաղրածու Գոշան` Գեւորգ Գրիգորյանը:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք շրջիկ կրկեսն ավելի շա՞տ են այցելել անցյալ տարի Երեւանում ստացիոնար կրկեսը պայթեցնելու պատճառով, նա նշեց. «Ոչ, ես կասեի, որ ինչ-որ տեղ վնասեց: Բոլորն ասում են. «Որտեղ է կրկես: Կրկեսը չի գործում» եւ տրամադրվել էին, որ մի քանի տարի էլ չի գործի կրկեսը», - նշել է շրջիկ կրկեսի ղեկավարը:

Ծաղրածուի կարծիքով, այս վերաբերմունքը կրկեսի հանդեպ փոխելու համար նախ եւ առաջ պետք է «պայթի» մարդկանց մտածելակերպը, եւ նրանք պետք է հասկանան, որ միայն հացը չէ կարեւոր, այլ նաեւ կրկեսային արվեստը:

Հարցին, թե ո՞ւմ մեղքն է նա տեսնում կրկես հաճախելու մշակույթի բացակայության մեջ, ստացիոնար կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի՞, թե՞ կառավարության,  նա պատասխանեց, որ կրկեսը այն արվեստն է, որի հետ կապված խնդիրների համար  չի կարելի մեղադրել ո’չ որեւէ անհատի, ո’չ էլ կառավարությանը:

Ծաղրածուն խոսել է նաեւ շրջիկ կրկեսի մշակույթից, որը Եվրոպայում մեծ տարածում է գտել դեռեւս 400 տարի առաջ: Նրա խոսքով, ամառային ամիսներին, հայաստանցիները քիչ էին այցելում կրկես, քանի որ շոգ էր: Ընդհանուր առմամբ, ամառային ամիսներին կրկես այցելել է 7-8 հազար մարդ, սակայն հիմա կրկեսային սեզոնի պիկ է սպասվում, եւ շրջիկ կրկեսի գեղարվեստական ղեկավարը անշլագ  է ակնկալում:

Այդ կապակցությամբ շուտով շրջիկ կրկեսի արտիստները Երեւանում երթ կկազմակերպեն:

Կրկեսի ղեկավարը նաեւ հայտնեց, որ իրենց ելույթների ծրագրերում մինչեւ տարեվերջ ներառվել են նաեւ շրջանային քաղաքներ` Արտաշատը, Աշտարակը, Մասիսը եւ այլք:

Նրա խոսքով, շրջիկ կրկեսի այցելություններ պարբերական բնույթ կկրեն հետագայում, եւ, հնարավոր է, որ կրկեսը ելույթներով հանդես գա նաեւ Արցախում եւ Գյումրիում:

Շրջիկ կրկեսը տեղակայվել է նախկին դելֆինարիումի տեղում, եւ ելույթներով հանդես է գալիս ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի` 19:00-ին:  Տաս հոգանոց արտիստների կոլեկտիվը պատրաստել տարբեր համարներ` վարժեցրած արջերով, շնիկներով, կապիկներով եւ օձերով: Բացի այդ փոքրիկներին եւ կրկեսի սիրահար մեծերին սպասվում է նաեւ հանրահայտ բաժակներով համարը, որի համար ծաղրածու Գոշան իր տեղն է գտել Գինեսի ռեկորդների գրքում:

Տոմսերի արժեքը 1500-3000 դրամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ