News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը, Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցավ «Կառլ եւ Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:

Հայ Եկեղեցու բարերար տիկին Էմմա Սողոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատյաններ եւ հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` ի հիշատակ իր հոգելույս ամուսին Կառլ Սողոյանի: 

Տերունական աղոթքից եւ շարականի եգեցողությունից հետո տիկին Սողոյանը հատել է ցուցասրահի մուտքի ժապավենը, որից հետո Գարեգին Բ-ի գլխավորությամբ հյուրերը մուտք գործեցին նորաբաց ցուցասրահ:

Այս առիթով ներկաներին ողջունել է Մայր Աթոռի Թանգարանների եւ Արխիվի   տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: «Այսօր այս ձեռագրերը ցուցադրության են դրվում Սուրբ Էջմիածնում, որպեսզի ամեն ձեռագիր` որպես սրբություն եւ անբարբառ բարեխոս, շարունակի բարեխոսել այս ընտանիքի համար եւ մանավանդ Կառլ Սողոյանի հոգու հանգստության եւ տիկին Սողոյանի կենաց արեւշատության համար», - իր խոսքում նշել է Տեր Ասողիկը` երախտագիտություն հայտնելով նաեւ Վեհափառ Հայրապետին` հայ հոգեւոր մշակույթի աշխարհասփյուռ նշխարները խնամքով հավաքելու եւ Մայր Աթոռում մեկտեղելու համար:

Այնուհետեւ իր ջերմ ապրումներն ու զգացումները ներկաներին փոխանցել է նաեւ տիկին Էմմա Սողոյանը:      

Նորաբաց սրահում բացի ընծայված ձեռագրամատյաններից ցուցադրվում են նաեւ որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաեւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաեւ վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գեւորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ