News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանրապետության նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին եւ դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը եւ Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաեւ ՀԱԷԿ-ի հետագա շահագործման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին եւ հանդես եկել բացման խոսքով:

Նախագահը ողջունել է միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող գիտնականներից ու ոլորտի մասնագետներից կազմված անկախ խորհրդակցական մարմնի՝ խորհրդի անդամներին եւ նիստի բոլոր մասնակիցներին: Խոսքի սկզբում Սերժ Սարգսյանը ցավով եւ մեծ ափսոսանքով է ներկաներին տեղեկացրել, որ այս տարվա հունվարին կյանքից հեռացել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ, հանրաճանաչ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Հարությունի Վարդապետյանը, ով մեծ դեր է խաղացել միջուկային ֆիզիկայի ոլորտում տեսական եւ փորձարարական հետազոտությունների ստեղծման եւ զարգացման գործում: Նախագահն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել անվանի գիտնականի հիշատակը, որից հետո նիստի մասնակիցներին ներկայացրել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նոր անդամին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հովսեփի Ավագյանին, մաղթել նրան հաջող եւ արգասաբեր աշխատանք:

Նախագահն ընդգծել է, որ խորհրդի ձեւաչափով համագործակցության կարեւորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հատուկ դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Նա բարձր է գնահատել խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր՝ նշելով, որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային եւ ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցության համար: Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ՄԱԳԱՏԷ-ին եւ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ