News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգի սահմանադրական լինելը պետք է քննարկել խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական արտահերթ նիստի անցկացմանը կողմ են 4 խմբակցություններ՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»: Այդ նախաձեռնությանն աջակցում են նաեւ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:

«Դեռեւս 2010-ի վերջին ընդունվել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը: Դեռեւս այն ժամանակ այն քննադատության է ենթարկվել, հատկապես դրա կուտակային կոմպոնենտը: Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ու կազմակերպություններ դիմել էին խորհրդարանին՝ խնդրելով փոփոխել այդ մոտեցումը»,-ասել է Մինասյանը:

Համակարգը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, որոնք կապված են աշխատաշուկայի, տնտեսական վիճակի վատացման ու տնտեսության մոնոպոլիզացիայի հետ: «Արտահերթ նիստի ժամանակ պատրաստվում ենք քննարկման դնել օրենքի դրույթների սահմանադրական լինելը, մասնավորապես աշխատավարձի հինգ տոկոսը կենսաթոշակային հաշվին փոխանցելը: Մեր գործընկերներին՝ խորհրդարանական մեծամասնությանը, խնդրում ենք չբոյկոտել նիստը»,-ընդգծել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ եւս մեկ ռիսկ է հանդիսանում այն, որ նախքան օրենքն ուժի մեջ կմտնի, մնացել է մոտ մեկ ամիս, իսկ մինչ օրս ԿԲ-ում ոչ մի կուտակային հիմնադրամ լիցենզավորված չէ: Միայն երկու կազմակերպություններ են դիմել լիցենզավորման համար: «Այսպիսի հապաղումը մեզ լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել»,-ընդգծել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ