News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը, որի շրջանակում Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից, հիմա նաեւ՝ այստեղ ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Խնդիրների լուծում հայկական ոճով (մաս 1)

Իմ հեռախոսն անդադար զանգում է այն պահից սկսած, երբ հայաստանյան հեռախոսահամար ձեռք բերեցի: Հաղորդագրություններ ու զանգեր ստանում եմ առանց դադարի, այնպիսի արագությամբ, որը հնարավոր չէ համեմատել այլ երկրներում բնակվելու իմ նախկին փորձի հետ: Եվ ես դրա համար շնորհակալ եմ:

Ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը պնդում  էր, որ անհատի գոյությունը կախված է նրա ինտեգրվածությունից եւ հասարակության կայունությունից: Նա փորձում էր դա ապացուցել՝ ուսումնասիրելով ինքնասպանությունը՝ մարդու ամենաանձնական, անհատական եւ էքզիստենցիալ գործողությունը երբեւէ: Նա հայտնաբերել էր, որ ինքնասպանությունների բավական ցածր ցուցանիշ ունեն բարձր ինտեգրվածությամբ հասարակությունները, իսկ խորապես անհատականացված հասարակություններին բնորոշ է ինքնասպանությունների բարձր մակարդակը: Ինքնասպանությունն իր բնույթով ավելի շատ ոչ թե զուտ անձնական ակտ է, ինչպես կարծում են շատերը, այլ  փաստացի «հասարակության բարոյական վիճակի արձագանք»:

Երբ մարդ չգիտի՝ որտեղ է իր համար ամենահարմար տեղը,  նա ապրում է այն, ինչը գիտնականն անվանել է անոմիա, որը ծայրահեղ դեպքերում բնութագրվում է նպատակասլացությամբ եւ օտարացմամբ, եւ մարդը վերջ է տալիս կյանքին: «Էգոիստական ինքնասպանությունները» նրանք են, որոնք կատարվում են այնպիսի հասարակություններում, որտեղ խմբի բարոյական ուժը բավարար չէ անհատներին իրենց սոցիալական դերին կառչած պահելու համար: Այդ մարդիկ իրենց սկսում են ընկալել որպես հասարակությունից անկախ եւ որեւէ պարտավորությունից զուրկ: Ինքնասպանությունների բարձր ցուցանիշով հասարակությունների ընդհանուր գիծն այն է, որ դրանցում մարդու եւ սոցիալական խմբի միջեւ ուժեղ կապ գոյություն չունի:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ծայրահեղ անհատականացման գաղափարը հազիվ թե գործուն լինի: Մարդիկ ավտոմատ կերպով իրենք իրենց ընկալում են հանրության եւ ընտանիքի առջեւ ունեցած պարտավորությունների համատեքստում, ինքնահաստատումից եւ անձնական առաջխաղացումից դուրս:Բացառությամբ սոցիալական եւ հատկապես տնտեսական արագ փոփոխությունների, որոնց դեպքում մարդիկ զգում են կտրուկ վերելքներ ու վարէջքներ, ինքնասպանությունների թիվն այստեղ տարեցտարի բավական կայուն է:Հայաստանի վերաբերյալ վիճակագրություն գտնելը բավական բարդ է, սակայն ես վստահաբար կենթադրեի, որ ինքնասպանությունների մակարդակն այստեղ համեմատաբար ցածր է: Անօթեւանները եւս այնքան էլ շատ չեն. սոցիալական ու ընտանեկան կապերը չափազանց ամուր են ունեզուրկ հարազատին լիակատար մոռացության մատնելու համար (լինի քաղաքում, թե մարզերում):

Հանցագործությունների մակարդակը նույնպես ցածր է, եւ իմ հիպոթեզն այն է, որ ընդհանուր առմամբ հայերը չափազանց շատ են մտածում հասարակության աչքում իրենց իմիջի մասին. մարդը, որը ճանաչում է այն մարդուն, որը ճանաչում է իմ քեռուն, ի վերջո կիմանա այդ մասին, հետեւաբար ընտանիքի խայտառակվելու միտքը գերիշխող է դառնում հանցագործության ցանկացած առավելութան նկատմամբ: Ավանդական հասարակություններում ցանկալի իմիջի մասին պատկերացումը կարող է խելացնորության (պարանոյա) հանգեցնել, երբ դու մշտապես գիտես, թե ինչ կմտածեն մարդիկ եւ ընդհանրապես հասարակությունը: Այնքան շատ էներգիա է ծախսվում ընկերների եւ ընդհանրապես հասարակության աչքում իմիջը պահպանելու վրա: Նման օրինակներից է հարսանեկան նվերների ընտրությունը, հանդիսության հյուրերի թիվը, խորովածի տեսակը որոշելը, կամ ապագա զուգընկերոջն ընտրելիս հաշվի է առնվում՝ ինչ կրթություն ունեն նրա ծնողները, որքանով են հարգված, որշրջանից են (դուք գիտեք, որ դրանցից մի քանիսն ավելի հարգի են), իսկ ի՞նչ կասեք սեռական մաքրության վերաբերյալ (քանի դեռ հարեւանները ոչինչ չգիտեն, իսկ եթե նա մի թեթեւ անբարոյակա՞ն է):

Բայց, վերադառնանք իմ հայկական հեռախոսի թեմային. սկզբում որոշ  ժամանակ պետք եղավ իմ այսպես կոչված մասնավոր կյանքը ոտնահարող մշտական ծնգծնգոցներին ընտելանալու համար: Այժմ ես հասել եմ նրան, որ սպասում եւ սրտանց ուրախանում են այն հաղորդագրություններից, որոնք հետաքրքրվում են ամեն ինչի մասին՝ սկսած այդ օրվա իմ տրամադրությունից, վերջացրած առողջությանս եւ ծրագրերիս առնչվող հարցերով: Չեմ կարծում, որ ընդհանրապես հնարավոր է Հայաստանում թեկուզ աղոտ կերպով անոմիա հիշեցնող ինչ-որ բան զգալ կամ հասարակությունից բավականաչափ կտրված լինել: Դա ինձ ոչ ոք թույլ չի տա:

Մշտական միջոցառումների մասին կպչուն գաղափարն առկա է իմ բոլոր շփումներում, հատկապես՝ բիզնեսին առնչվող:Ձեր իրական էությունը դրսեւորվում է հարաբերություններում. այս բիզնես կլիշեն զգալի կիրառվում է ամբողջ աշխարհում, բայց աշխարհի այս անկյունում այն հատկապես այդպես է: Անձամբ հանդիպելը միանգամայն բնական է, ասես այդպես էլ պետք է լինի, եւ ավելի հաճախ քան (առավել արդյունավետ) էլեկտրոնային նամակներով փոխանակվելը: Ընթրիքի սեղանի շուրջ անձնական թեմաներով զրույցները առաջնային նշանակություն ունեն՝ գործի բուն էությանն անդրադառնալուց առաջ:Սրան  դիմանալը դժվար է, քանի որ ժամանակն անցնում է, իսկ ձեր մտքում արդեն զեկույցի կամ բանակցությունների հետ կապված հարցեր են, այնինչ ձեր զրուցակիցը դեռ ցույց է տալիս տեսանյութը՝ ինչպես է իր երեխան պարում նախորդ շաբաթ կայացած հարսանիքում կամ պնդում է իր հոր պատրաստած թթի օղուց եւս մեկ բաժակ փորձել:

Ղեկավարներից մեկը, որի հետ ես տարիներ առաջ հանդիպեցի Երեւանում, ինձ ասաց, որ Հայաստանում բիզնեսի համար ամենաբարդը մահվան, ամուսնության եւ երեխայի ծննդյան հետ կապված արարողություններն են: Այս երեք գլխավոր իրադարձությունները  (ողբերգություննե՞րը) այն պարտադիր դեպքերն են, որոնց աշխատակիցը ոչ մի դեպքում չի կարող չմասնակցել: Սոցիալական համախմբվածության այս տեսակը, պայմանավորված սոցիալական հաճախակի ծեսերով, քո եւ հասարակության միջեւ կապը ամրացնում է այն աստիճան, որ մարդիկ հազվադեպ են ինքնուրույն ճանապարհով գնում՝ նորմայից շեղվելով: Եվ սա, բնականաբար, մարդկային ռեսուրսների կառավարման շատ համբերատար եւ անհատական մոտեցում է պահանջում: Նաեւ անհրաժեշտ է մարքեթինգիմի քանի կարեւոր դասեր սերտել. Հայաստանում հաջող մարքեթինգը բանավոր կերպով փոխանցվող խոսքն է, եւ, որպես կանոն,  բոլոր տեսակի կապերը մեկ բառով են բնութագրվում՝ «ախպերություն»: Հայերը գիտեն՝ ինչպես հոգ տանել իրենց մասին:

Սակայն այն միշտ չէ, որ գործում է: Իմ երեւանցի ընկերուհին պնդում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբեք հաջողության չի կարող հասնել, քանի որ թիմի հաղթանակի վրա կենտրոնանալու փոխարեն, ամեն մեկը ցանկանում է գոլ խփել: Այստեղ բիզնեսում շատ բան կա մերձարեւելյան «mudir»-ից. բառը կարելի  է թարգմանել որպես կառավարչի համախտանիշ, որի դեպքում յուրաքանչյուր մարդ կարծում է, որ պետք է հեղինակություն ունենա եւ ինքն իր պետը լինի՝ ոչինչ չանելով (ձեռքերը ծալած նստելով) սանդուղքով վեր բարձրանալու կամ էլ կառավարչի դիրքի հասնելու ուղղությամբ:

Հայ հայտնի գործարարներից մեկը, որին մի քանի տարի առաջ հանդիպեցի Նիդեռլանդներում, ինձ խորհուրդ տվեց չխաբվել միասնականության հրաշքների մասին գաղափարով: Իրականում, ըստ նրա, հայերը բավական պառակտված են, հատկապես եթե խոսք է գնում շրջանների մասին: «Կարեւոր է հարցնել՝ որ գյուղից կամ շրջանից եք: Պատասխան ստանալով՝ դուք պետք է գոնե ձեւացնեք, թե ճանաչում եք այդ վայրում կամ ազդեցության այդ ոլորտում ամենահեղինակավոր ընտանիքին կամ անձին: Ամեն ինչ կապերով է պայմանավորված: Սա անձի ձեւավորման վրա սոցիալական հարաբերությունների դերի վառ օրինակ է: Սա նաեւ ցույց է տալիս, թե հայերը որքան արհեստավարժ են օգտագործում սոցիալական համախմբվածությունը առօրյա խնդիրները լուծելու համար,  քանի որ եթե դուք «ախպերությունում» եք, չկա այնպիսի անձնական կամ լուրջ խնդիր, որը հնարավոր չլինի համատեղ լուծել:

Արիանա Կաոիլի

Հոդվածը թարգմանվել է անգլերենից, բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ