News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարարը ողջունել է Երեւանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթել արդյունավետ աշխատանք: «Հայաստանի եւ Իրանի միջեւ չկա քաղաքական որեւէ խնդիր եւ մեր ջանքերն ամբողջությամբ ուղղված են տնտեսական ու մշակութային դաշտում համագործակցությունն ընդլայնելուն եւ զարգացնելուն»,- ասել է Արմեն Մովսիսյանը եւ հավելել. «Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ, եւ պետք է ամեն ինչ անենք այդ ներուժը լիարժեք օգտագործելու համար, քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը»

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայ գործընկերներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Հուսով եմ, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը»,- ասել է Համիդ Չիթչիանը. «Այսօր կարեւոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի ` Մեղրի ՀԷԿ-ի եւ Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում»:

Հանդիպման ընթացքում հայ եւ իրանցի էներգետիկները քննարկել են համատեղ ծրագրերին վերաբերող հարցերը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:

Ի դեպ մինչ Երեւան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռեւս 2010 թվականին հայկական եւ իրանական կողմերը, Մեղրի եւ Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Մասնագետները փաստել են, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին:

Հայաստան այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաեւ պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ