News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում մի քանի ադրբեջանցի է մնացել, սակայն նրանց անունները երկար ժամանակ գաղտնի է պահվում այն մտավախությամբ, որ Ադրբեջանի նրանց հարազատներին կսկսեն հետապնդել: Այս մասին գրում է Իրինա Կովալչուկը` www.segodnya.ua-ում  հրապարակված ԼՂՀ ուղեւորությանը նվիրված հոդվածում:

«Ինձ համար հանդիպում էին կազմակերպել 60-ամյա ադրբեջանուհու հետ, որի անունը խնդրել են չհրապարակել: Նա մնացել էր «թշնամական» Ստեփանակերտում, թեեւ պատերազմի առաջին օրերին ռումբի բեկորներից մահացել էր նրա հայ ամուսինը: Կինը չէր հեռացել երեխաների պատճառով, որոնք իրենց հայ են համարում: 

«Երբեմն ես մոռանում եմ, որ ես ադրբեջանուհի եմ, չէ՞ որ վաղուց չեմ եղել հայրենիքում, սակայն իր ազգը չհարգող եւ չսիրող մարդը չի կարող հարգել եւ սիրել ուրիշ ազգի, - խոստովանել է կինը` պատերազմական գործողությունների մասին խոսելիս հազիվ զսպելով արցունքները: - Այն ժամանակ բոլորի համար էր դժվար, ոչ միայն ինձ: Սակայն ինձ համար ավելի դժվար էր, քանի որ կիսվում էի երկու ժողովուրդների միջեւ: Ինչ-որ տեղ հասկանում եմ մերոնց: Սակայն այսպես է ստացվել, եւ այժմ պետք է հասնել Արցախի անկախությանը… Ինձ համար կարեւորը երեխաներն են եւ այստեղ ես մնացել եմ հանուն նրանց: Աղջկաս կամ որդուս անգամ մեկ մազը չեմ փոխի իմ ամբողջ ժողովրդի հետ», - ասում է կինը:

1991թ. զրուցակցի որդին վերադարձել էր խորհրդային բանակից եւ անմիջապես մեկնել պայքարի` իր բոլոր համադասարանցիների հետ: Աղջիկը տեխնիկումում էր սովորում, իսկ կինը` գիտությունների թեկնածու, մանկավարժ,  չէր աշխատում, քանի որ նախկինում դասավանդել էր ադրբեջանական հատվածում, իսկ այն Ղարաբաղում փակվել էր 1980-ականներին:

 «Տեղի հայերը ինձ միշտ պաշտպանել են, եւ եթե մերոնք գան,ինձ իբրեւ դավաճանի առաջինը կգնդակահարեն», - ասում է կինը։

Նա շատ է մտածում Բաքվի իր հարազատների մասին։ Նրանց հետ հանդիպել է երկու տարի առաջ Թբիլիսիում՝ 18 տարվա բաժանումից հետո։ «Փեսաս նրանց գտել է համացանցով։ Պարզվել է, որ ոչ հայրս ու մայրս են ողջ, ոչ էլ եղբայրս։ Մնացած հարազատներս եկել էին Թբիլիսի ինձ տեսնելու։ Մենք երկու օր հյուրանոցում անցկացրինք։ Նրանք իրենց հետ ծնողներիս գերեզմանից մի բուռ հող էին բերել»,- պատմում է կինը։ Այդ հողը եւ վրան «Ադրբեջան» գրված փոքրիկ գորգը հայրենիքից մնացած միակ հուշն են։ Նա արդեն չի էլ երազում, թե երբեւէ կարող է զբոսնել հարազատ Բաքվով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ