News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, մերժել է նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրում էր  Վերաքննիչ քրեական դատարանից բեկանել Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին  կայացրած դատավճիռը:

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ին հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։ Ինչ հիմքով է  Վերաքննիչը անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, պարզ կլինի երեք օրից, երբ դատարանը տրամադրի որոշման հիմքերը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման էր դատապարտել նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին:

Դատարանի վճռով Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել էր Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն էր կալանավորվել, նա մեղադրվում էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ