News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգում եղել է «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցը։

Նիստին ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։

Միջոցառումը վարում էր ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։

Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ նիստում հաղորդմամբ հանդես եկավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը՝ հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները։ Ընդգծելով, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը ելակետային հիմք է ընդունել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի  եւ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաեւ հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացումների միտումները, նա նշեց, որ 2014թ. գործադիրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է  լինելու տնտեսական զարգացմանը եւ աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինությունը  եւ երկրի պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։ 

Համաձայն ներկայացված գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի, կառավարությունն առաջարկում է ԼՂՀ 2014թ. պետական բյուջեն  հաստատել. եկամուտների գծով՝ 77 մլրդ 138 մլն դրամ, ծախսերի գծով` 80 մլրդ 690.2 մլն դրամ, իսկ պակասուրդը՝ 3 մլրդ 552.2 մլն դրամ:

Նիստում ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, ներկայացնելով գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները եւ առանձնահատկությունները։ Այնուհետեւ կառավարության ղեկավարը, ի պատասխան պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած տարաբնույթ հարցերի, հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։ Պատգամավորների մտահոգող խնդիրներին պարզաբանումներ տվեց նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը։ 

Համատեղ նիստի աշխատանքներն ամփոփեց ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը։ Նշելով, որ դեկտեմբերի 7-ին մեկնարկող քննարկումները տարբեր ձեւաչափերով ու փուլերով շարունակվելու են մինչեւ լիագումար նիստը՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, նա գործընկերներին  կոչ արեց հանգամանալի ուսումնասիրել ներկայացված բյուջետային փաստաթղթերի փաթեթը եւ սահմանված ժամկետներում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց առաջարկությունները։  

Տպել
Ամենաշատ