News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Անկարայում պաշտոնական անձինք նախազգուշացնում են մեծ սպասելիքներ չունենալ Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլու Հայաստան կատարելիք այցից, սակայն նշում են, որ հնարավորություն կա հետագայում կարգավորման բանակցությունների շարունակության համար: Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» թերթը:

Թերթի համաձայն՝ նույնիսկ եթե դա որեւէ կոնկրետ արդյունք չտա, այնուամենայնիվ այցը ջրբաժան կլինի, քանի որ դա կլինի Դավութօղլուի առաջին այցելությունը Երեւան չորս տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերի տապալումից հետո: «Hürriyet Daily News»-ի հետ զրույցում թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ առայժմ պարզ չէ, արդյոք Դավութօղլուն եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպումների շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան:

«Մենք այնտեղ կոնկրետ առաջարկով չեն գնում»,- թերթին հայտնել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ ակնհայտորեն վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրություններին այն մասին, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ նման առաջարկությունը կլիներ վաղաժամ ու սխալ»,-հավելել է դիվանագետը՝ խոսելով գաղտնիության պահպանության պայմանով:

«Այնուամենայնիվ, եթե կայանա նման երկկողմանի հանդիպում, մենք կպարզաբանենք մեր վերաբերմունքը տարածաշրջանային խաղաղության նկատմամբ, այդ թվում մեր հարաբերությունների կարգավորմանը: Այնուհետեւ կարող են հաջորդել հնարավոր քայլերը»,- նշել է դիվանագետը:

Միաժամանակ պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ Դավութօղլուն ամենեւին էլ մտադիր չէ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Երեւան այցի ընթացքում: «Նախարարը Երեւան է մեկնում ՍԾՏՀ հանդիպման շրջանակներում: Հուշահամալիրի այցելությունը ներառված չէ նրա օրակարգում»,- ասել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ