Քննչական, դատական համակարգը կազմակերպված կերպով կոծկում է զինծառայողների սպանությունները աղաղակող օրենքների խախտումներով: Այս մասին դեկտեմբերի 12-ին NEWS.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կառավարության մոտ «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ, որին ներկայացել էր միայնակ. ձյան պատճառով զոհված զինծառայողների ծնողներն այսօր չէին կարողացել կառավարության մոտ գալ։
«Իրեղեն ապացույցներն են ոչնչացնում, կեղծ վկաներին տանում են ռազմական ոստիկանություն, տևական պահում են, իրենցից կեղծ ցուցմունքներ են կորզում»,- ասաց Վարդգես Գասպարին՝ ավելացնելով, որ բանակում սպանությունները հիմնականում գողական բարքերի, կոռուպցիոն դրդապատճառներով են իրականացվում։
Գասպարիի կարծիքով՝ հասարակական անհանդուրժողականությունը բավարար չէ բանակում ինքնասպանությունների խնդիրը լուծելու համար. «Հասարակությունը չի ընդվզում, յուրաքանչյուր ոք իր ցավի մեջ ամփոփվում է և դա չի ընդհանրացվում»:
Գասպարիի խոսքով՝ բանակում համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները պահանջ ներկայացնեն, քանի որ համակարգը «իրեն-իրեն չի բարեփոխվի». «Այդ քաղաքացիները չկան, որ պահանջը դնեն իշխող համակարգի առջև և պնդեն, որ այդ պահանջը իրականություն դառնա»:
Գասպարիի խոսքով՝ բանակում ոչ միայն տեղի են ունենում դաժան սպանություններ, այլև դրանից հետո սպանվածի հարազատներին ահաբեկում են, որպեսզի նրանք չբողոքեն, և ոտնահարում են նրանց իրավունքները դատախազությունում և դատարաններում. «Տուժածներն իրենց զգում են մեկուսացված, առանց որևէ աջակցության և դա արվում է կառավարող համակարգի աջակցությամբ»:
Հիշեցնենք, որ բանակում ինքնասպանության վերջին դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 10-ին։ Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանը, ըստ գյուղում տարածված խոսակցությունների, գրութուն է թողել, որում ասել է, որ ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ զինակիցներն իրեն անհիմն մեղադրել են հեռախոս գողանալու համար։











