News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին կկայանա ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի հերթական` ութերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին կներկայացնի մերձբալթյան երկրների դաշնամուրային երաժշտություն: Համերգը կազմակերպվում է Հայաստանում Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի դեսպանությունների եւ հյուպատոսությունների բարձր հովանու ներքո եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կհնչեցնի մերձբալթյան երկրների 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Մ.Չուռլիոնիսի, Վ.Դվարիոնասի, Ա.Պյարտի, Պ.Վասկսի, Գ.Պելեցիսի եւ այլոց ստեղծագործություններ, որոնց մեծ մասը կհնչեն Երեւանում առաջին անգամ:

Միջոցառումը  կազմակերպվում է 2013 թ. Լիտվայի կողմից ԵՄ նախագահության պաշտոնական ստանձման փակման արարողության կապակցությամբ:

«1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի եւ ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի շրջանակներում այս անգամ պատիվ ունենք ներկայացնելու մերձբալթյան երկրների երաժշտություն եւ այդ առիթով խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Լիտվայի հանրապետության դեսպան` պարոն Էրիկաս Պետրիկասին` միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն եւ ճշգրիտ պատրաստակամություն ցուցաբերելու համար»,- նշում է դաշնակահարի մենեջեր, 1900+ նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009 թ. հոկտեմբերին եւ մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական եւ ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակներում 2011 թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ եւ լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013 թ. հունվարին թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաեւ հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:

Համերգը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 19 :00, Կոմիտասի անվան Կամերային տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ