News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի եւ ԱՄՆ Պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման եւ խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում եւ վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության եւ անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:

Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները եւ կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ