Վարդենիկի ավագ դպրոցի 12-րդ դասարանի հեռացված աշակերտները, նրանց ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 19-ին եկել էին կառավարության մոտ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ հեռացնել ուսուցչին ու դպրոցի տնօրենին։

«Մենք առանց մեր ընկերոջ դասի չենք գնա»,- NEWS.am-ին ասաց 12-րդ դասարանցի Աբրահամ Շահինյանը, որին եւ նրա համադասարանցի Արկադի Պողոսյանին դպրոցի տնօրենը լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո առաջարկել է վերադառնալ դպրոց։

Աբրահամը պատմեց, որ սեպտեմբերի 26-ին Սեւակ Բադալյանի և Մեսրոպ Գրիգորյանի միջև ծագած վեճի ընթացքում Բադալյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, խփել է Մեսրոպին, որն էլ ինքնապաշտպանության նպատակով հարվածել է ֆիզկուլտուրայի ուսուցչին:

«Ուսուցչի քթից արյուն եկավ, և նրան տարան հիվանդանոց, վերջում էլ այնպես ստացվեց, որ մենք ենք ծեծել Բադալյանին»,- ասաց Աբրահամ Շահինյանը։ Ուսուցչի բողոքի հիման վրա Արկադիին եւ Աբրահամին նույնպես մեղադրանք է առաջադրվել, սակայն նրանց ստորագրությամբ բաց են թողել։

Կալանավորված Մեսրոպի հայրը NEWS.am-ին պատմեց, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը 10 հազար դոլար է պահանջել՝ իր բուժման ծախսերը հոգալու համար, սակայն ծնողների հետ համաձայնության է եկել և 2 միլիոն դրամ վերցրել, որպեսզի դիմումը ոստիկանությունից հետ վերցնի։ Ծնողներն ասում են, որ հանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցչի եղբորը, որը Վարդենիկի ավագ դպրոցի տնօրենն է, սակայն դրանից հետո էլ ուսուցիչը դիմումը հետ չի վերցրել: Ծնողներն ու աշակերտները պահանջում են հեռացնել եւ տնօրենին եւ ֆիզկուլտուրայի ուսուցչին։

Մեսրոպ Գրիգորյանը գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: