News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հերթական անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն եւ հրապարակել է 2013 թվականին տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը:

Ըստ կատարված ուսումնասիրությունների 2013 թ-ին գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից  5-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 8-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը` մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման եւ 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով, 3 դեպք՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանք են:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 26 դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, 1 քրեական գործ՝ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ երեք գործի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը:

Հարուցված քրեական գործերից 4-ի վարույթը հետագայում կարճվել է, 2-ի վարույթը կասեցվել է, 2 գործ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործէ գտնվում է դատաքննության փուլում, 1 գործ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին: Հարուցված քրեական գործերից 13-ը դեռեւս գտնվում են նախաքննության փուլում:

Վերոհիշյալ դեպքերից մեկի վերաբերյալ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ ՊՆ քննչական ծառայության որեւէ ստորաբաժանումում քննություն չի կատարվել՝ նման դեպք արձանագրված չլինելու պատճառով: Այն դեպքում, երբ լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունների համաձայն` ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Քրեական գործերից 8-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, 1-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով`ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային  միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին  մասով` սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, 2-ը /զինադադարի խախտման հետեւանքով մահացության դեպքեր/՝ ՀՀ  Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, 1 գործ /զինադադարի խախտման հետեւանքով մահացության դեպքով/՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական  մոլեռանդության շարժառիթով եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եի 13-րդ կետերի հատկանիշներով, 1 քրեական գործ հարուցվել է սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հատանիշներվ, 3 գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով, 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, 1 գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, 2 գործ ՀՀ քրեական օրեսնգրքի 377 հոդվածի 2-րդ մասով՝մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը: Մահվան դեպքերից մեկում քրեական գործի հոդվածը չի նշվում ո՛չ մամուլում, ո՛չ պաշտոնական աղբյուրներում:

Մահացության դեպքերից 22-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, 9-ը՝ Լեռնային Ղարաբաղի:

Տպել
Ամենաշատ