News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, տարվա ընթացքում Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ շարունակել է հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հունիսի 18-ին Էնիսկիլենում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ: Եռանախագահները եւս մեկ անգամ ընդգծել են, որ վերջին տարիներին իրենց համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգավորման համար եւ, որ դրանք պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ`  պատերազմի։ Նույն օրը արձագանքելով վերոհիշյալ հայտարարությանը` ՀՀ արտգործնախարարը, բարձր գնահատելով Ռուասաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի շարունակական ջանքերը , նշեց, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով եւ կիսում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման ձգձգումը։

Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը լիովին համամիտ է համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը, եւ որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության եւ խաղաղության հաստատմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման համար, եւ ի պատասխան եռանախագահ երկրների ղեկավարների կոչին եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա հիմնահարցի կարգավորմանը։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով:

Դեկտեմբերի 5-ին Կիեւում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը:  Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը եւ հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Տարվա ընթացքում (հունվարի 28-ին Փարիզում, մայիսի 17-ին Կրակովում, հուլիսի 12-ին Վիեննայում, սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում, դեկտեմբերի 4-ին Կիեւում)  հինգ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների շուրջ մտքերի փոխանակումներ են տեղի ունեցել նաեւ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցերի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում: 

2013թ.-ին ԱՄՆ-ի Մեյն եւ Լուիզանա նահանգների խորհրդարանների կողմից ճանաչվել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Հաշվետու ժամանակահատվածում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ նվիրված արցախյան շարժման եւ սումգայիթյան ջարդերի 25-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ