News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2013-ին քայլեր են ձեռնարկվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նաեւ նշվում է.

«Երկկողմ ռազմավարական միջպետական փոխգործակցության զարգացման ուղղությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ հեռանկարային նոր ծրագրերի մշակման մեծապես նպաստել է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: 

Տարվա ընթացքում ՀՀ եւ ՌԴ նախագահներն ունեցել են վեց հանդիպում, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել քաղաքական, արտաքին քաղաքական փոխգործակցության, ռազմական, ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, Հայաստանի տնտեսության արդիականացման եւ դիվերսիֆիկացիայի ապահովման,  էներգետիկ, ներառյալ՝ միջուկային, տրանսպորտի, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ու ընդլայնման վերաբերյալ:

Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո`  մարտի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին արտերկրյա այցը կատարել է Ռուսաստանի Դաշնություն:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվա ՀՀ նախագահի կատարած այցի շրջանակներում ընդունվել են երկու համատեղ հայտարարություններ, որտեղ արտացոլվել են  հայ-ռուսական ընդգրկուն օրակարգով դաշնակցային եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման վերաբերյալ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ ՀՀ նախագահի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին մասնակցելու Հայաստանի որոշման, եւ դրան  ՌԴ Նախագահի աջակցության մասին:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`  Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ՝ միտված Հայաստանի տնտեսական վերելքին եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այցի արդյունքում ստորագրվել են 12 կարեւորագույն փաստաթուղթ։

Այցի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական եւ տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչների ու շուրջ հինգ հարյուր գործարարների մասնակցությամբ ՀՀ եւ ՌԴ նախագահները Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը, այցելել են համաժողովի շրջանակներում կազմակերպված Հայաստանի մարզերը եւ Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես:

Նախագահները հետեւել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը, այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Գյումրիում ծաղկեպսակներ դրել՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի եւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:

Զարգացում է ապրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը: Մայիսի 28-ին Բելգորոդի մարզում եւ նոյեմբերի 6-ին  Երեւանում կայացել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ եւ 23-րդ նիստերը: Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստ:

Մայիսի 31-ին Մինսկում եւ նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Սեպտեմբերի 29-30-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: Ստորագրվել է մինչեւ 2020 թվականը ՀՀ եւ ՌԴ միջեւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը:

Ապրիլի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այց է կատարել Ռուսաստան։ Տարվա ընթացքում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները ունեցել են մոտ մեկ տասնյակ հանդիպում: Պարբերական բնույթ են կրել քաղաքական խորհրդատվությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Հունվարի 28-ին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հայաստան։ Ապրիլի 17-ին Մոսկվա է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հաշվետու տարում բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով:

Ընդլայնվել են միջտարածաշրջանային եւ  հումանիտար կապերը: Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում եւ նոյեմբերի 27-29-ը Մոսկվայում անցկացվել են Երեւանի օրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ