News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նրան հայտնաբերել են երեկ՝ Թբիլիսիում,  Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը:

Նշենք, որ ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ