News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի Ստեփանակերտ-Նինգի-Մարտունի ճանապարհի ասֆալտապատումը, որը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար: Այս մասին, փետրվարի 7-ին, ԼՂՀ Մարտունի քաղաք այցելության ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:

Նա մասնակցելով Մարտունու քաղաքապետի հաշվետվությանը, ընդգծել է այդ համայնքի կարեւոր նշանակությունը ողջ հանրապետության համար: Մատնանշելով Մարտունու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ միջոցների սղության պատճառով դեռեւս գոյություն ունեն որոշ կարեւոր անելիքներ: Կատարված աշխատանքներից Ա. Հարությունյանն առանձնացրել է դպրոցի եւ հիվանդանոցի նոր շենքերի կառուցումը: Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, բնակիչները մատնանշել են մանկապարտեզի, մարզադաշտի, ինչպես նաեւ որոշ այլ ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտությունը:

Ըստ գործադիրի ղեկավարի՝ այդ խնդիրները մոտակա տարիներին աստիճանաբար կլուծվեն:

Վարչապետ Հարությունյանը հայտարարել է, որ համայնքում մեծ թափ է ստանում բնակարանաշինությունը՝ ներգրավելով նոր ներդրումներ եւ լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ:

Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման հարցին՝ կառավարության ղեկավարը, բացի շինարարությունից, կոչ է արել ավելի արդյունավետորեն օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Նրա խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման համակարգի զարգացմանը, ինչը խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար: Ա. Հարությունյանն առանձնացրել է նաեւ ծխախոտագործության համար առկա բարենպաստ պայմանները այդ տարածաշրջանում, որոնցից օգտվելու կոչ է արել բնակչությանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ