News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեկ՝ փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ոստիկանության լրատվության վարչության հաղորդագրության մեջ ասվում է. «Փետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հասարակության` անցորդների, փողոցով երթեւեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ինչ վերաբերում է լրագրող Անի Գեւորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:

Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Լրագրողի խոսքով, ոստիկանները բաժնում խլել էին իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել էր նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ