News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ-հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն եւ այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել:

Հունաստանի խորհրդարանի նախագահը եւս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ եւ հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի:

Զրուցակիցները երկուստեք չափազանց կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեությունը: Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Խոսելով դրանց հեռանկարի մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել. անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, երեկ կայացած ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, եւ հետագա փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են:

ԵՄ-ում ներկայումս նախագահող երկրի՝ Հունաստանի խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ երկկողմ կապերի ամրապնդումից բացի, նպաստելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ