News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ, իր ուղերձում նշել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՈՒղերձում մասնավորապես ասվում է.

«Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին:

400-ից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլեւ անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:

Կարեւոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը:

Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները եւ ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Ողջունելի է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, եւ հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարեւոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:

Ֆրանկոֆոն երկամսյակը եւս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարեւորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության եւ համագործակցության արդյունավետ շրջանակ է եւ մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ եւ առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաեւ ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի եւս այն մեծ արձագանք եւ ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ