News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են զբաղվել Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանի ճակատագրով: Այս մասին այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

«Իշխանությունները պետք է անպայման միջամտեն ու օգնեն Մերաբ Ալոյանին, հատկապես Ուկրաինայի ներկայիս իրավիճակում: Բացի դրանից Մերաբն առողջական լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա:

Միքայել Դանիելյանի խոսքով` հայկական կողմերն ունեն տարբեր ձեւեր` միջամտելու դատական գործին:

«Ձեւերից մեկն էլ այն է, որ ամիսը մեկ անգամ հայկական իշխանությունները մտնեն բանտ ու տեսնեն իրենց քաղաքացու ապրելու պայմանները»,- ավելացրեց Հելսինկյան ասոցացիայի նախագահը` ընդգծելով, որ կալանավայրում Մերաբ Ալոյանի կյանքին վտանգ է սպառնում:

Հայաստանում Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող հասարակական կազմակերպությունները բազմիցս դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանին, սակայն անօգուտ:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ