News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ոստիկանությունում Հայաստանի քաղաքացու հանդեպ կեղծ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար՝ Արթուր Սաքունց):

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գեւորգյանը: Մ. Գեւորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գեւորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ եւ մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում: Մ. Գեւորգյանը պատմել էր նաեւ, որ որդին տաքսի ծառայությունում վարորդ է աշխատում եւ փետրվարի 16-17-ին երթով մեկնել է ԼՂՀ եւ հնարավոր է, որ որդուն քննչական վարչությունում պահելը կապված է այդ երթի հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նույն օրը՝ փետրվարի 22-ին, Կ. Գեւորգյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: Հաղորդման մեջ մասնավորապես նշվում է. «… ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով եւ Ձեր լիազորություններով՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու Կարեն Գեւորգյանին անօրինական կարգով հանձնելու եւ նրան ազատությունից զրկելու դեպքով պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ…»:

Սույն թվականի մարտի 7-ին Կարեն Գեւորգյանը եւ Մուշեղ Գեւորգյանը նույնպես հաղորդում են ներկայացրել, որով հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի, ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի եւ ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկանների կողմից Կ. Գեւորգյանը ապօրինաբար զրկվել է ազատությունից, իսկ Քաշաթաղի շրջբաժնում նրա նկատմամբ բռնություն է գործադրվել: 2014 թ. մարտի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է այս գործի վերաբերյալ ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերով քննիչ Ա. Հարությունյանի քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

2014 թ. մարտի 1-ին ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՀԿԳ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Հ. Իշխանյանը կայացրել է Կարեն Գեւորգյանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին որոշում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշման մեջ նշվում է, որ Կարեն Գեւորգյանը մեղադրվում է ծանր հանցագործության(կեղծ փողեր պահելը եւ իրացնելը) մասին իմանալու եւ դիտավորությամբ իրավապահ կամ իշխանության այլ մարմիններին չհայտնելու մեջ, սակայն նրան մեղադրանք առաջադրվել է այն հոդվածով որով մեղադրվում են մի շարք այլ անձինք՝ կեղծ փողեր պահելու եւ դրանք իրացնելու համար:

Նույն օրը կայացվել է որոշում, որով Կարեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բացի այդ, Կարեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածը որեւէ առնչություն չունի Կ. Գեւորգյանին վերագրվող հանցագործության հետ»:

Տպել
Ամենաշատ