News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա ուրբաթ առավոտյան թուրքական սահմանի կողմից սկսված հարձակման առաջին իսկ ժամերից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ը հետեւում է ստեղծված կացությանն ու հատկապես, Քեսաբի հայերի դիմագրաված դժվարություններին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ մամլո դիվանը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Լիբանանի հոգեւոր, համայնքային եւ քաղաքական պատասխանատուների հետ եւ խորհրդակցություններ անցկացնել։

Երբ շաբաթ օրը Թուրքիայից ավելի կազմակերպված կերպով մի քանի ճակատներով ներթափանցումներ կատարվեցին՝ թիրախում ունենալով Քեսաբը, Արամ Ա.-ն կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ եւ պահանջել անմիջապես բանակային նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ՝ պաշտպանելու շրջանի հայությանը։

Շաբաթ գիշերը Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը եւ հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին եւ վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլեւ նրանց տրամադրել է ծանր զենքեր եւ դյուրացրել է նրանց առաջխաղացումը։

Դեսպանը նշել է, որ թեեւ Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել զինյալների թափանցումը։ Դեսպանն ասել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք ունեն հայ ժողովրդի հանդեպ եւ սիրիահպատակ հայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է։

Նա նաեւ նշել է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Սիրիական բանակի համար, ապա ավելացրել, որ բանակը ժամանակավորապես հայությանը փոխադրել է Լաթաքիա՝ անվտանգության նկատառումներով։

Խոսելով Քեսաբի մասին՝ Արամ. Ա-ն նշել է, որ այն խորհրդանշական իմաստ ունի ողջ հայ ժողովրդի համար։

Ավելի ուշ վեհափառը հոգեւորականներից բաղկացած մի պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա։

Պատվիրակության նպատակն է մեր ժողովրդի զավակներին փոխանցել վեհափառ հայրապետի աղոթքներն ու զորակցությունը, տեղյակ դառնալ ստեղծված կացության եւ հատկապես ուսումնասիրել ժողովուրդին կարիքները, որպեսզի կաթողիկոսարանի կողմից անհրաժեշտ կարգադրությունները կատարվեն։ Կիրակի առավոտ Մայր տաճարում վեհափառ հայրապետը պատգամ է ուղղել մեր ժողովրդին։ Նա ընդհանուր գծերով բացատրել է Քեսաբում ստեղծված կացությունը եւ հիշեցրել, որ նույն ցեղասպան թուրքը 100 տարի անց դարձյալ գաղթական է դարձնում մեր ժողովրդի զավակներին:

Երեկ կեսօրին Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով Արամ Ա.-ին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Քեսաբում շուտով անվտանգությունը վերահաստատելու համար, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ