News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Աշխարհի բոլոր Հայ Ավետարանական Եկեղեցիներում, մարտի 23-ին, Կիրակնօրյա Պաշտամունքի ժամանակ մասնավոր աղոթքներ մատուցվել են Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքի եւ նրա հայ ազգաբնակչության համար:

Այս մասին «Կանթեղ Արարատյանին» հայտնել է Բուլղարիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության քարտուղար եղբ. Ներսես Կետիկյանը: Համընդհանուր աղոթքի կոչով նախապես հանդես էին եկել Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր տնօրեն Վեր. Վահան Թութիկյանը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնակատար Վեր. Մկրտիչ Մելքոնյանը:

«Իրավիճակը շատ լուրջ է, իսկ ապագան անապահով: Մեր խնդրանքն է, որ Ձեր եկեղեցիներում Կիրակնօրյա Պաշտամունքների ժամանակ մասնավոր աղոթք մատուցեք Քեսաբի մեր սիրեցյալ հայրենակիցների եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները նորից անվտանգ վերադառնան իրենց տները:», ասված է Վեր. Թութիկյանի կոչում:

«Ահավոր տխրությամբ եմբ ուղարկում այս նամակը Ձեզ եւ խնդրում, որ Ձեր եկեղեցիներում մասնավոր աղոթք բարձրացնեք Քեսաբի մեր քույրերի ու եղբայրների համար: Աղոթեցեք, որ ինչպես Քեսաբում, այնպես էլ ողջ Սիրիայում այս հակամարտությունը խաղաղ լուծում ստանա»,-ասված է Վեր. Մկրտիչ Մելքոնյանի նամակում:

Ինչպես տեղեկացնում է եղբ. Ներսես Կետիկյանը, աշխարհի բոլոր ծայրերից Հայ Ավետարանական Եկեղեցիների հովիվներ եւ Միությունների ներկայացուցիչներ հանդես են եկել նմանատիպ նախաձեռնություններով: Քեսաբի հայությանը իրենց աղոթքն ու զորակցությունն են հայտնել Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության ատենապետ Վեր. Հովել Միքայելյանը, Բուլղարիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության ատենապետ Վեր. Պետրոս Ալթունյանը, Հունաստանի Հայ Ավետարանական Եկեղեցու գլխավոր հովիվ Վեր. Վիգեն Չոլակյանը եւ ուրիշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ