News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները, որում ինչպես եւ սպասվում էր, հաղթանակ տարավ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, գտնվում էր աշխարհի ուշադրության կենտրոնում։ Սակայն իրականում ով է հաղթել եւ ինչ սպասել Թուրքիայի ներքաղաքական կյանքում։ Այս հարցերի շուրջ NEWS.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքիայում  Սիրիայի հանդեպ քաղաքականությունը, նախորդ տարի սկսված Գեզի այգու իրադարձությունները, «Մեծ կաշառք» սկանդալային գործողությունները, Էրդողանի եւ նրա ազգականների մասնակցությամբ գաղտնալսված հեռախոսազրույցները խիստ մեծացրեցին ՏԻՄ ընտրությունների նշանակությունը՝ դրան տալով իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվեի նշանակություն։

Բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ ընտրություններն էլ սոցհարցումները ցույց էին տալիս, որ չնայած Էրդողանը եւ իր կուսակիցները խառնված են կոռուպցիոն սկանդալներին, իշխող կուսակցության վարկանիշը քիչ էր անկում ապրել։ Ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, Թուրքիայի քաղաքացիները ուշադրություն չդարձրեցին իշխող կուսակցության կոռուպցիոն սկանդալներին եւ  սոցկայքերը փակելով քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողություններին, կրկին ընտրելով «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ տալով մոտ 45 տոկոս ձայն։ Այսինքն, քաղաքացիներն ընտրեցին ինչ-որ չափով կանխատեսելի, սակայն անօրինականությունների մեջ մեղադրվող եւ երկիրը աշխարհից կտրել ցանկացող կուսակցությանը։ Հարկ է նշել նաեւ, որ ընտրությունների ընթացքում ընդդիմադիր մամուլը բարձրաձայնել է բազմաթիվ խախտումների մասին, իսկ 35 նահանգներում քվեները հաշվելու ժամանակ էլեկտրաէնեգիայի անջատումները խիստ կասկածելի են։ 

Իշխող կուսակցության եւ նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար 45 տոկոսն ամենացանկալի  թիվն էր, որ կարելի էր ստանալ տեղի ունեցածներից հետո։ Սրանով Էրդողանը լեգիտիմացրեց սոցկայքերի, ինտերնետի սահմանափակումները, հնարավորություն ստացավ առհամարել անօրինակությունների մեջ իր եւ իր կուսակիցների դեմ ներկայացված խոշոր կոռուպցիոն մեղադրանքները։ Այսինքն, Էրդողանը հնարավորություն ստացավ հանգիստ շարունակել ակտիվ քաղաքականությունը, իսկ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո կոռուպցիոն սկանդալների մեջ մեղադրվողների հետ միասին ժողովրդի առաջ դուրս գալն ու ընդդիմության նկատմամբ հեգնական ելույթը ազդանշան է, որ առաջիկա նախագահական ընտրություններին Էրդողանը կառաջադրվի նախագահի թեկնածու։ Իսկ Սիրիայի հետ կապված հայտնեց, թե Թուրքիան Սիրիայի հետ գտնվում են պատերազմի մեջ, ինչը նշանակում է, որ Սիրիայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվելու է։

Իսկ ի՞նչ կորցրեց այս ընթացքում Էրդողանը։ Միանշանակ է, որ Էրդողանը աշխարհում լրջորեն կորցրել է հեղինակությունը եւ ձեռք բերել ավտորիտար ղեկավարի համբավ։ Սրանք կապված են, թե արտաքին անհաջող քաղաքականության, թե ներքին քաղաքականության մեջ  տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Հաջորդը, որ կորցրեց Էրդողանը, դա նախորդ խորհրդարանական ընտրություններում ստացած քվեներից 5 տոկոս պակաս ձայներն են։ Այսինքն, եթե ՏԻՄ ընտրություններին ստացած ձայները բաշխվեր խորհրդարանական ընտրությունների կարգով, ապա Էրդողանին կհաջողվեր խորհրդարան մտցնել ընդամենը 284 պատգամավոր այն դեպքում, երբ 2011-ի խորհրդարանական վերջին ընտրություններին խորհրդարան է մտցրել 330 պատգամավոր։

Այս ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը կորցրեց կարեւոր քաղաքներ արեւելյան նահանգներում՝ Կարսը, Աղրըն, Բիթլիսը, Մարդինը, ինչպես նաեւ մեծ թվով շրջաններ ու գյուղեր, որոնք անցան քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։ Իշխող կուսակցությանը հաջողվել է ձայների չնչին տարբերությամբ ընդդիմությունից վերցնել Անթալիան։

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ ստացել է 3 տոկոս ավել ձայն, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունների համեմատ 1,5 տոկոս ավել։ CHP-ն Ստամբուլում եւ Անկարայում ներկայացրել լուրջ մրցակիցներ իշխող թեկնածուներին, սակայն Ստամբուլում անվիճելի է իշխող կուսակցության հաղթանակը, իսկ Անկարայում ձայների չնչին տարբերությամբ է պարտվել։ CHP-ի թեկնածուն արդեն հայտնել է, որ բողոքարկելու է եւ պահանջելու է ձայների վերահաշվարկ։ CHP-ն կորցրել է Անթալիան, ինչը մեծ պարտություն կարելի է համարել, բայց փոխարենը իշխող կուսակցությունից վերցրել է Սիրիայի հետ սահմանակից Հաթայը։

Այս ընտրություններում շոշափելի քվեներ ավելացրեց «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը։ Եթե նախորդ ՏԻՄ ընտրություններին հավաքել էր 16, իսկ խորհրդարանականին՝ 13, ապա այս անգամ MHP-ին հաջողվել է գրանցել 18,5 տոկոս։ Հայաստանի հետ սահմանակից Կարսը անցել է MHP-ին։ Ազգայնականներին է անցել խոշոր արդյունաբերական նավահանգստային քաղաք Մերսինը։

Մինչ Էրդողանը եւ Ֆեթուլլահ Գյուլենը հակամարտության մեջ էին, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը հաջողվել էր մոբիլիզացնել ուժերը եւ արեւելքում պահպանել նախկին քաղաքները եւ ավելացնել եւս 3 քաղաքներ՝ Աղրըն, Բիթլիս, Մարդինը եւ բազմաթիվ շրջաններ ու գյուղեր, որոնք նախկինում իշխող կուսակցության կողմից էին ղեկավարվում։ Այսինքն, քրդական կուսակցությանը կարողացել է լուրջ հաջողություն գրանցել։

Անդրադառնալով այս ընտրություններում հիմնական ինտրիգին՝ Ֆեթուլլահ Գյուլենի գործոնին, հարկ է նշել, որ նրա կողմնակիցները, որոնք աշխատում էին իշխող կուսակցության դեմ եւ մեծ ջանքեր գործադրեցին, չհասան իրենց ուզածին։ Գյուլենի շարժման կողմնակիցների թիվն այնքան մեծ չէր, որ լուրջ ազդեցություն ունենար ընտրությունների արդյունքներին։ Ապացուցվեց, որ Գյուլենի շարժումն իրենց լուրջ ուժ է ներկայացնում միայն կարեւոր պաշտոններում իր մարդկանց ունենալու դեպքում։  Կարելի է փաստել, որ ընտրություններում հիմնական պարտությունը կրել է հենց Գյուլենի շարժումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թեեւ արտաքին աշխարհում վարչապետ Էրդողանը հեղինակազրկվել եւ կորցրել է երբեմնի ազդեցությունը, նա ներքաղաքական կյանքում կփորձի ակտիվություն ցուցաբերել եւ առաջին հարվածներն ուղղել հենց Գյուլենի շարժման կողմը, որի արդյունքում աշխարհը Թուրքիայում բազմաթիվ հետաքրքրական իրադարձությունների ականատես կլինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ