News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մինչ չարենցագետները իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս՝ մատնանշելով բանաստեղծի ենթադրյալ գերեզմանի վայրի մասին տարբեր վարկածներ, Եղիշե Չարենցի տուն–թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նոր սենսացիոն հայտարարությամբ է հանդես գալիս:

Ըստ նրա,  կա նոր վարկած, ըստ որի, բանաստեղծի դին առհասարակ հողին չի հանձնվել: Մանրամասների մասին թանգարանի տնօրենը գերադասում է լռել՝ առաջարկելով սպասել ապացույցներին, որոնք նա խոստանում է հրպարակել շուտով եւ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. «Մի մարդ եկավ Ռուսաստանից, ըստ որում, բավականին լուրջ պաշտոնյա, մեզ էնպիսի մի  բան պատմեց, որ այդ վերսիայով Չարենցն ընդհանրապես հողին չի հանձնվել, ինչպես մեր մտավորականներից շատ–շատերը»:

Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, գերեզմանի հարցով գրականագետների բարձրացրած աղմուկը որակում է որպես «էժանագին հեղինակության հետեւից ընկած քայլ»։

«Տարիներով այս հարցը եղել է, բայց մենք արդեն հանդարտվել ենք, կարծես հաշտվել ենք, որովհետեւ որեւէ փաստ չի հայտնաբերվել: Իհարկե, մենք էլ կուզեինք որպես ընտանիք ունենալ մի տեղ, որտեղ կգնայինք, կխնկարկեինք, բայց աjդ մարդն այսպիսի ճակատագիր ունեցավ: Մեզ համար էլ դժվար է, մենք էլ կուզեինք այս հարցին վերջակետ դնել»,- NEWS.am-ին ասաց Գոհար Չարենցը:

NEWS.am-ը հետաքննական հրապարակումների շարք է սկսել՝ պարզելու, որտեղ է ամփոփվել պոետի աճյունը, եղե՞լ է արդյոք արտաշիրիմում, եւ որտեղ են այժմ պահվում պոետի մասունքները։ Նոր հրապարակումները՝ առաջիկայում։

Բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան հանգամանքների վերաբերյալ քննարկումները նրա մահից 77 տարի անց դեռ ճշտված չեն: Ոչ ոք ստույգ չգիտի՝ որտեղ է ամփոփվել պոետի աճյունը: Բանաստեղծի ժառանգները պնդում են, որ իրենց հայրը գերեզման չունի,  եւ անտեղի են որոնողական աշխատանքները` պարզելու պոետի վերջին հանգրվանը,  չարենցագետները կարծում  են, թե գտել են նրա ենթադրյալ գերեզմանը, որ, ըստ վարկածնրից մեկի, գտնվում է Երեւանից Էջմիածին տանող ճանապարհի ձախ կողմում, իսկ մշակույթի ոլորտի պատասխանատուները լռում են: Միակ ստույգ փաստն այն է, որ բանաստեղծը ողբերգական հանգամանքներում մահացել է 1937թ. Երեւանի քաղաքային բանտում, որից հետո նրա մասին հետքերը լռում են:

Նվարդ Մանվելյան

Տպել
Ամենաշատ