News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Մխչյան գյուղում ցրտահարությանը պատրաստվել էին օրեր, անգամ ամիսներ առաջ, բայց մարտի 30-ին ուժգին քամու, ձյան ու ցրտի հետևանքով նրանց չի հաջողվել ցրտահարությունից փրկել ծիրանի ծաղկած ծառերը: Գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով փորձել են պայքարել ցրտի դեմ: Նախորդող օրերին ծիրանի մի քանի հեկտար այգիներ էին բերել խոտ, հին անվադողեր, աթար՝ ցրտահարության վտանգի դեպքում դրանք վառելու համար: (ֆոտոռեպորտաժ)

«Ասել էին, թե 31-ի գիշերը պիտի ցուրտը լիներ, բայց 29-ի իրիկունը շլոփայով անձրևը եկավ: Առավոտ բուք եղավ, եկանք, որ ծխահարենք: Սալյարկայով, յուղով եկել էինք, չկարացանք վառենք, բուքից չէր վառվում: Բուք, քամի, ձյուն, մինուս վեց աստիճան ցուրտ արեց ու էլ ոչինչ չկարացանք անենք: Բուքից  հետո եկանք, ծառերն արդեն ցուրտը տարել էր: Մի հատիկ նորմալ ծաղիկ չկա, որ ասեմ ձևի համար մի հատիկ կա: Իմ տանջանք, իմ տրորանք: Տնտղել եմ, փորել եմ, վարի գնաց: Իմ բախտ ու ղսմաթ էդ էր՝ ի՞նչ պիտի անեմ, չգիտեմ: Բուքի դեմ ոչ մի բան չկարողացանք անենք: էսենց սոված-ծարավ արդեն կնստինք: Երանի մի ծիրան լինի, ասենք էդ մի ծիրանով ուրախանանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխչյան գյուղի բնակիչ Բաբկեն Լպուտյանը:

Գյուղացիներն անելանելի դրության մեջ են. իրենց ապրուստի միակ միջոցը  այգիներից ստացած եկամուտն է: Ավելին՝ ծառերը մշակելու համար նրանցից շատերը գյուղատնտեսական վարկեր են վերցրել և այժմ չգիտեն, թե ինչպես են վճարելու դրանք:

«Մեր ապրուստն էլ սա է: Մի տարի լավ ա լինում, մի տարի՝ վատ։ Էս տարի ծաղկել էր նորմալ, ցուրտը խփեց: Էս տարի լրիվ սնանկացանք: Էդքան վարկ ենք վերցրել, որ փակենք, բայց ինչով ենք փակելու, ոնց ենք ապրելու, չգիտենք»,-ասաց գյուղացիներից Համբարձում Կրպեյանը:

Մխչյան գյուղի բնակիչների խոսքով՝ իրենց համար միակ օգնությունն այն կլինի, որ գյուղնախարարությունն այս տարի անվճար ոռոգման ջուր ապահովի գյուղացիների համար, այլապես այս տարի այգիներն ամբողջությամբ կչորանան:

«Մի հեկտար հողը մի անգամ ջրելու համար 25 հազար փող եմ տալիս: Գոնե ջուրը օգնություն լինի, ձրի տան: Չեմ խնդրում, ասում՝ ինձ փող տուր, որ էս վարկերը տամ, թող ասի՝ էս տարի էս գյուղացուն ջուրը ձրի տան: Գյուղնախարարը չգիտի՞, որ բերքը 100% ցուրտը տարել ա: Աշխարհը գիտի, որ Հայաստանի մեջ էլ ծիրան չկա»,- ասաց Բաբկեն Լպուտյանը՝ նշելով, որ ոռոգման ջրի խողովակներում այժմ ջուր չկա, այնինչ գյուղնախարարն իրենց հորդորում է ծառերը ոռոգել, որպեսզի չցրտահարվեն:

Գյուղացիներն այս տարի գումար չեն ունենա նաև բուժանյութեր գնելու համար: Ծառերը բուժում են տարվա մեջ մի քանի անգամ և դրա համար 500 հազար դրամ գումար է պահանջվում: Այնուամենայնիվ, նրանք չեն հիասթափվել, կշարունակեն մշակել այգիներն այն հույսով, որ հաջորդ տարի իրենց չարչարանքը կփոխհատուցվի ծիրանի լավ բերքով:

Տպել
Ամենաշատ