News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ այսօր՝ ապրիլի 2-ին, բողոքի ակցիա անցկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն դատապարտի Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամի գործողությունները սիրիական Քեսաբում (ֆոտոռեպորտաժ

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր մտահոգությունը հասցնենք Քեսաբում հայ բնակչության տեղահանությունների հետ կապված, որոնց մասնակցել են թուրքական ռազմական ուժեր»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Լեւոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտահոգված է կատարվածով, բայց Թուրքիային դատապարտող որեւէ հայտարարություն չի արել։ Ակցիային մասնակցում էին նաեւ քեսաբահայեր, որոնց խոսքով՝ ամեն ինչ, որ կատարվել է Քեսաբում, արվել է թուրքերի օգնությամբ։ 

«Թալանել են քեսաբահայերի տները, բայց ոչ թե սիրիացիներն են թալանել, այլ վարձկան տեռորիստները։ Պահանջում ենք, որ ԱՄՆ-ը լուռ չմնա»,- հայտարարեց ակցիայի քեսաբահայ մասնակիցը՝ նշելով, որ իրենք դեռ հույս ունեն վերադառնալ իրենց ծննդավայր։

Ի դեպ, դեսպանատան առջեւ էին նաեւ «Ռոսիա» եւ «Միր» հեռուստաընկերությունների լրագրողները։

Քիչ անց ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱՄՆ փոխդեսպան Կլարկ Պրայսը, որը լսեց նրանց պահանջը, ապա Քեսաբում կատարվածի մասին լսեց քեսաբահայից եւ վստահեցրեց, որ իր լսած ու տեսած ամեն ինչի մասին կտեղեկացնի դեսպանին։

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ