News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իշխանությունները Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի կայացրած որոշումն այնպես են մեկնաբանում, ինչպես իրենց ձեռնտու է: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե մինչեւ սեպտեմբերի 30-ն կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն ուժի մեջ է

«Իշխանություններն իրար հակասող մեկնաբանություններ են անում: Մինչեւ այս որոշումը` իշխանության ներկայացուցիչները մեզ համոզում էին, թե ինչքան լավ օրենք է սա: Հունվարի 24-ին ՍԴ-ի որոշումից հետո էլ իշխանությունները մեկնաբանում էին այնպես, ինչպես իրենց ձեռնտու է: Նույնն էլ հիմա է. Իշխանությունը մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է»,- ասաց Հայկ Ավետիսյանը:

Նախաձեռնության մյուս անդամ Վահագն Ավագյանն էլ ընդգծեց, որ գործադիր մարմինը փորձում է մոլորեցնել հասարակությանը. «Գոնե ներողություն խնդրեին, ոչ թե ավելի վիճակը սրեին: Պետք է հետամուտ լինեն օրենքի շտկմամբ, ոչ թե հայտարարություններ անելով»:

«Դեմ եմ» նախաձեռնությունն իր պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերին:

Նշենք, որ կառավարության հերթական նիստի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ուժի մեջ է մնում մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ կկատարվեն փոփոխությունները»:

ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ