News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային խորհուրդը բարձր է գնահատում հասարակական այն պայքարը, որի արդյունքում այսօր մենք ականատես ենք լինում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Այս մասին նշվել է Հանրային խորհրդի ապրիլի 2-ին կայացած նիստում, որտեղ անդրադարձ է եղել պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը:

«Միաժամանակ հանրային խորհուրդը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ Հայաստանը կատարում է մի նոր կարեւոր քայլ դեպի իրական իրավական պետության կայացում: Հանրային խորհուրդը շարունակելու է ուշադիր հետեւել հետագա գործընթացներին եւ խնդրի վերջնական լուծմանը»,-նշված է Հանրային խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Հանրային խորհուրդը կարեւորել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի պահպանման նպատակով հանրության կուռ կարծիքի ձեւավորումը, ինչպես նաեւ կոնցեսիոների եւ կառավարության պատրաստակամությունը՝ հաշվի նստել հանրային կարծիքի հետ եւ քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին: Նշվել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է համագործակցել կոնցեսիոների հետ շենքի պահպանման, ամրացման եւ հետագա շահագործման հարցերի շուրջ:

 Հանրային քննարկումների եւ ՀԽ համառ ջանքերի արդյունքում ունեցած կարեւոր հաջողություն է համարվել նաեւ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրին պետական ամենաբարձր մակարդակով կարեւորություն տալը եւ խնդրի լուծման նպատակով գործողությունների համալիր ծրագիր մշակելու կառավարության քայլը: Նշվել է, որ ՀՀ վարչապետն իր շնորհակալական խոսքն է հղել Հանրային խորհրդին այդ կարեւորագույն հարցում հետեւողական աշխատանք ցուցաբերելու համար, միաժամանակ ընդգծվել է, որ այդ հարցում դեռ անելիքները շատ են, եւ Հանրային խորհուրդը շարունակելու է հետեւողական լինել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ