News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի  միջնորդությամբ  Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում:

ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող  երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որեւէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից եւ պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին  կտրամադրվեն  հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:

Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ  դպրոցներ  այցելությունների ժամանակ հայտնաբերել էին,  որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաեւ զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որեւէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:

Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են:  Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլեւ երեխայի խնամքի, սննդի եւ գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով  ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությունը եւ  ակնկալում է համատեղ աշխատանքի շարունակականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ