News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:

Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը համոզված է, որ Մոսոն կենդանի է: «Ես համոզված եմ, որ Մովսես Ներսիսյանը կենդանի է, եթե դիակ չկա, անձը կենդանի է, այլ հարց է, եթե դիակը հայտնաբերվեր: Դրանից բացի՝ որեւէ ապացույց չկա, որը կփաստեր, որ Իսրայելը սպանել է Մովսեսին, չկա զենքը, իսկ արյան հետքերը ումը ասես կարող են լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր Գայանե Գալոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ